13/07/2023 10:46
Հայաստանից արտահանման շուրջ 51 տոկոսը բաժին է ընկել ԵԱՏՄ-ին. ինչ գործոններ են նպաստել երկրից արտահանման աճին
Հայաստանից այս տարվա առաջին 5 ամսում կատարվել է 2 մլրդ 689 մլն 637.2 հազար դոլարի արտահանում՝ 2022-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 93.3 տոկոսով: Նման աճը պայմանավորված է ինչպես վերաարտահանման, այնպես էլ արտահանվող հիմնական ապրանքատեսակների պահպանման ու աճի շնորհիվ: ԵԱՏՄ արտահանումն աճել է, ԵՄ արտահանումը՝ նվազել, թեև ԵՄ առանձին երկրներ արտահանումը նույնիսկ անգամներով է աճել:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Մերի Հովսեփյանը:
«5 ամիսների կտրվածքով արտահանումն, իհարկե, առաջանցիկ տեմպեր է գրանցել, սակայն մյուս կողմից բացարձակ թվերով վերցրած, այնուամենայնիվ, ունենք առևտրային հաշվեկշռի խնդիր, այն հիմնականում բացասական է լինում, քանի որ բացարձակ ցուցանիշներով ներմուծումը գերազանցում է արտահանմանը: Կարևոր է հատկապես այն հանգամանքը, որ չնայած արտահանման աճի մեջ մասնաբաժին ունի նաև վերաարտահանումը, սակայն հիմնական արտահանման ուղղությունները շարունակել են պահպանվել՝ ի հավելումն եղածի: Այսինքն, ի թիվս այլ դրական էֆեկտների՝ այս գործընթացում նաև կարևոր է այն հանգամանքը, որ արտահանման նոր հնարավորություններ են ստեղծվել, նոր կապեր, նոր շուկաներ կամ եղած շուկաներում դիրքերի բարելավում է եղել, որոնք, բնականաբար, կարող են նաև երկարաժամկետ ազեցություն ունենալ: Կապերն ամենարժեքավոր հանգամանքն են, որոնք գործարարները կարող են հետագայում ևս զարգացնել»,-ասել է Հովսեփյանը:
Փորձագետը նկատել է՝ այս միտումը նկատվում է ոչ միայն Հայաստանում, այլ նաև տարածաշրջանի երկրներում: Օրինակ՝ Թուրքիայում, նույնիսկ վերջին ամիսներին նկատվող արտահանման տեմպի նվազման պայմաններում, Ռուսաստանի հետ առևտուրը շարունակում է աճել: Տարվա սկզբից մինչև հունիս Թուրքիայից Ռուսաստան արտահանումն աճել է 88.6 տոկոսով: «Եթե, օրինակ, նախկինում այդ նույն ժամանահատվածում արտահանվել էր 2.6 մլրդի ապրանք, ապա այդ թիվը հիմա հասել է 4.9 մլրդ դոլարի։ Չնայած այն պարագայում, որ իրենք հայտնել էին, որ արգելք են դրել պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների վերաարատահանման վրա Ռուսաստան՝ վիճակագրական ցուցանիշները հակառակի մասին են վկայում»,-ասել է փորձագետը:
Նա ընդգծել է նաև՝ ցանկացած ճգնաժամ, տնտեսական ցնցում իր հետ բերում է ոչ միայն խնդիրներ, այլ նաև նոր հնարավորություններ, մատակարարումների շղթաների փոփոխություններ, վերադասավորումներ, գործարարներն ավանդական ուղիներից բացի սկսում են մտածել նաև նոր ուղիների գործարկման մասին:
Ըստ Վիճագրական կոմիտեի հրապարակած տվյալների՝ Հայաստանից ընդհանուր արտահանման գրեթե կեսը բաժին է ընկնում դեպի Ռուսաստան արտահանմանը: Հունվար-մայիսին Հայաստանից Ռուսաստան է արտահանվել 1 մլրդ 318 մլն 154.9 հազար դոլարի ապրանք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 3.3 անգամ: Արտահանման ծավալներով երկրորդ տեղում Արաբական Միացյալ Էմիրություններն է: Հունվար-մայիսին Հայաստանից ԱՄԷ արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6 անգամ՝ կազմելով 445 մլն 20.8 հազար դոլար: Ծավալներով երրոդ տեղում Չինաստանն է: Տարվա առաջին 5 ամսում Հայաստանից Չինաստան է արտահանվել 166 մլն 318.8 հազար դոլարի ապրանք՝ 2022-ի հունվար-մայիսի նկատմամբ աճելով 16.7 տոկոսով: