13/07/2023 20:35
Վարդան Օսկանյանը Նիկոլ Փաշինյանին կոնկրետ առաջարկ է ուղղել՝ ինչպես Բրյուսելում փոխել բանակցային տրամաբանությունը, օրակարգը, նարատիվը (Տեսանյութ)
ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին է դիմել՝ նշելով, թե ինչպես հնարավոր է փոխել բանակցային օրակարգը։
«Դու շուտով հանդիպելու ես Ալիևին Բրյուսելում՝ Շառլ Միշելի միջնորդությամբ։ Ես շատ կոնկրետ առաջարկ ունեմ քեզ, և ես կարծում եմ, որ հենց Բրյուսելում դու հնարավորություն ունես բանակցային տրամաբանությունը, օրակարգը, նարատիվը փոխելու։ Մինչև գնալդ կարող ես հայտարարությամբ արդեն դրա մասին խոսել, կամ ես կարծում եմ՝ ավելի ճիշտ կինի հենց բանակցությունների սկզբում՝ Շառլ Միշելի և Ալիևի ներկայությամբ, դու անես հետևյալ հայտարարությունը ․ «Հակառակ նրան, որ Պրահայում (սրանք քո խոսքերն են, ես մեջբերում եմ, առաջարկում եմ, որ ասես) ես ստորագրել եմ հայտարարություն, որով ճանաչում եմ Ադրբեջանի տսրածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը՝ վկայակոչելով 1991թ․ Ալմաթայի հռչակագիրը, համենայն դեպս, հաշվի առնելով, որ այդ հռչակագիրը բազմակողմ հռչակագիր է և ոչ թե երկկողմ՝ երկու երկրների միջև պայմանագիր, ես կարծում եմ, որ այդ հռչակագրում տեղ գտած տարածքային ամբողջականության ճանաչման գործոնը չի կարող ամուր հիմք ծառայել՝ համարելու, որ Հայաստանը արդեն ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը»,- առաջարկն է հնչեցրել Վարդան Օսկանյանը։
Վարդան Օսկանյանը նշել է, որ դրանից հետո Նիկոլ Փաշինյանը կարող է շարունակել խոսքը՝ հետևյալ կերպ․
«Եվ այստեղ ես լրիվ քո տրամաբանության բառապաշարն եմ տալիս, կարող ես շարունակել՝ ասելով, որ ես՝ Փաշինյանս, մնում եմ իմ նույն տեսակետին, որ ես պատրաստ եմ ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, եթե բանակցությունները գնան այնպիսի հունով, որն իրոք հիմք կստեղծի մեր երկու ժողովուրդների միջև արդար և կայուն խաղաղության։ Ուստի ես՝ Փաշինյանս, առաջարկում եմ, որ մեր բանակցային օրակարգում անպայման տեղ գտնի այն փաստն ու հանգամանքը, որ սովետական շրջանում Արցախն ունեցել է ինքնավար կարգավիճակ։ Ես հիմա առաջարկում եմ, որ բազմաթիվ այլ օրակարգային հարցերից, որոնք Ադրբեջանը ներդրել է, մենք ներառենք նաև այս հանգամանքը»։
Վարդան Օսկանյանը վստահություն է հայտնել, որ առաջինը այս առաջարկը շատ լավ կհասկանա հենց Շառլ Միշելը։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում