13/07/2023 10:38
«Հրապարակ». Դատավորների ընդհանուր ժողովը ԲԴԽ դատավոր անդամ է ընտրելու
«Հրապարակ» թերթը գրում է. «Հուլիսի 19-ին դատավորների ընդհանուր ժողովը ԲԴԽ դատավոր անդամ է ընտրելու՝ հրաժարական տված Մեսրոպ Մակյանի փոխարեն։ Դիտարժան ընտրություն է սպասվում։ Բանն այն է, որ Դատական դեպարտամենտը խորհրդի անդամի ընտրության համար քվեաթերթիկում ներառելու ծանուցումն ուղարկել է միայն մարզերի դատավորներին՝ հիմնավորմամբ, որ ԲԴԽ-ում պետք է ապահովել մարզերից դատավորների ներկայացվածությունը։
Մեր տեղեկություններով, թափուր տեղի համար 2 թեկնածու կա՝ Սուրեն Մնոյան, Էդգար Հովհաննիսյան։ Դատական դեպարտամենտի որոշումը միանշանակ չի ընդունվել համակարգում, Երեւանի քրեական դատարանի դատավոր Դավիթ Բալայանը, ով նույնպես հավակնում է ԲԴԽ անդամի տեղին, դեպարտամենտի ղեկավարի դեմ հայց է ներկայացրել դատարան, պահանջում է ԲԴԽ անդամի ընտրության համար ծանուցումը միայն մարզերի դատավորներին ուղարկելու գործողությունը ոչ իրավաչափ ճանաչել եւ ԲԴԽ անդամի ընտրության համար քվեաթերթիկում ներառելու ծանուցում ուղարկել առաջին ատյանի դատարանների բոլոր այն դատավորներին, ովքեր բավարարում են ԲԴԽ դատավոր անդամի թեկնածուի համար սահմանված պահանջներին։
Այս պահի դրությամբ մարզերի դատարաններից խորհրդի անդամի թեկնածու ներկայացված չէ, մինչդեռ օրենքը նախատեսում է, որ ԲԴԽ-ում պետք է ներկայացված լինեն բոլոր ատյանների դատավորները, բոլոր մասնագիտացումներից։ ԲԴԽ-ում հայտնվելը դատավորների համար տրամպլին է դառնում՝ հետագա առաջխաղացման համար։ Թերեւս սրանով են պայմանավորված այս պայքարը եւ այն վիճակը, որ ԲԴԽ-ում խախտված է համամասնությունը: Մարզերից մարդիկ չկան, քանի որ, ասենք, վերաքննիչից ընտրված ԲԴԽ անդամը կարճ ժամանակում պաշտոնի առաջխաղացում է ունենում՝ տեղափոխվելով այլ ատյան, եւ ստիպված՝ կրկին վերաքննիչի դատավորով են համալրում թափուր տեղը»։