13/07/2023 15:40
Ստորագրահավաքի աշխատողների վրա հարձակվողները ծայրահեղ ցածր կրթական ցենզով, ագրեսիվ վարքագծով, ոչ ցենզուրային լեքսիկայով անձեր են. հասկանալի է, թե որտեղից են ուղղորդվում
Օրերս Մարտունիում, այսօր էլ Հրազդան քաղաքում «ՀայաՔվե»-ի անդամները բռնության են ենթարկվել։
«ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը Aysor.am-ի հետ զրույցում նշեց, որ այդ մարդիկ հատուկ տեղից ուղղորդվում են.«Հիմնական սադրանքները տեղի են ունեցել Մարտունիում և այսօր էլ արդեն Հրազդանում։ Հրազդանում այսօր ինչ-որ կին, որն, ամենայն հավանականությամբ, ևս ուղղորդվում է շատ կոնկրետ տեղից, մոտեցել է մեր ստորագրահավաք խմբին, հարձակվել է նրանց վրա, ֆիզիկական ուժի գործադրմամբ փորձել է փաստաթղթերը ոչնչացնել։ Իր գործողություններից հետո ստիպված ենք եղել ստորագրահավաքը ժամանակավոր կասեցնել, քանի որ փաստաթղթերը վնասված են։ Մենք Մարտունու դեպքի համար հանցագործության մասին հաղորդում ենք տվել և մեր տեղեկություններով՝ այնտեղ քրեական գործ է հարուցվելու։ Այս կնոջ դեպքում էլ հաղորդում կտանք հանցագործության մասին և հետամուտ կլինենք, որ իր նկատմամբ քրեական գործ հարուցվի, ընդ որում, ոչ միայն խուլիգանության հիմքով, այլ նաև քրեական հոդվածի 210 հոդվածով, որը նախատեսում է բավական խիստ պատիժ հանրաքվեի կամ ընտրությունների ընթացքին խոչընդոտելու և քաղաքացիների ընտրական իրավունքն իրականացնելը խոչընդոտելու համար»։
Նա ավելացրեց, որ հետամուտ կլինեն, որ օրենքի տառին համապատասխան՝ բոլոր նրանք, ովքեր փորձում են սադրանքներով վախեցնել, պատժվեն.«Ուզում եմ իրենց ուղերձ հղել, դա ձեր մոտ չի ստացվի, ինչպես մեզ, այնպս էլ քաղաքացիներին չեք վախեցնելու։ Քաղաքացիները իրենց հանրաքվեի իրավունքն այս գործընթացի միջոցով կարողանալու են իրականացնել»։
Հարցին, թե ստորագրահավաքի կետերում արդյո՞ք ոստիկանության աշխատակիցներ չեն կանգնում՝ Չալաբյանը նշեց.«Ո՛չ, չնայած, եթե այս դեպքերը շատանան, ոստիկանությունից կպահանջենք, որպեսզի ստորագրահավաքի աշխատակիցների անվտանգությունն ապահովեն։ Որպես կանոն, այն մարդիկ, ովքեր հարձակվել են ստորագրահավաքի աշխատողների վրա, ծայրահեղ ցածր կրթական ցենզով, ագրեսիվ վարքագծով, ոչ ցենզուրային լեքսիկայով անձեր են, որոնք հասկանալի տեղից են ուղղորդվում։ Մեր երկրում մեկ ուժ կա, որոնք այդ կարգի մարդկանց ուղղորդում են»։