13/07/2023 18:39
«Երկրի ապագան պետք է կառուցվի առողջ ընտանիքներով»․ Պետդուման երկրորդ ընթերցմամբ ընդունել է սեռափոխությունն արգելող օրենքը․ կարգելվի նաև սեռն արդեն փոխածների կողմից երեխաների որդեգրումը
Պետդուման երկրորդ, հիմնական ընթերցմամբ ընդունել է Ռուսաստանի Դաշնությունում անձի սեռը փոխելուն ուղղված բժշկական միջամտությունների արգելքի մասին օրինագիծը: Օրենքի նախագիծը ներկայացվել է մայիսին՝ խորհրդարանական բոլոր 5 խմբակցությունների կողմից՝ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի գլխավորությամբ։ Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոստոյն ավելի վաղ նշել էր, որ նախաձեռնության համահեղինակ են հանդիսանում գրեթե 400 խորհրդարանականներ։
Նախատեսվում է «ՌԴ քաղաքացիների առողջության պահպանման հիմունքների մասին» օրենքը լրացնել նոր հոդվածով, որով կարգելվեն սեռափոխությանն ուղղված բժկական միջամտությունները կամ դեղամիջոցների կիրառումը։ Արգելքը չի վերաբերում բժշկական միջամտություններին, որոնք ուղղված են բնածին անոմալիաների և արատների, ինչպես նաև գենետիկական և էնդոկրին հիվանդությունների բուժմանը՝ կապված երեխաների սեռական օրգանների ձևավորման խանգարման հետ:
Օրենքի նախագծով փոփոխություններ են արվելու նաև Ընտանեկան օրենսգրքում և իրավունք է տրվելու չեղյալ համարել ամուսնությունը, եթե ամուսիններից մեկը փոխել է սեռը։ Մեկ այլ դրույթի համաձայն էլ, եթե հաստատվի, որ անձը մինչ օրենքի ընդունումը փոխել է սեռը, ապա նրան կարգելվի երեխաներ որդեգրել։
«Այս օրինագծի կարևորությունն անհերքելի է։ Այն միանգամայն սպասված և անհրաժեշտ է Ռուսաստանի համար, որտեղ ավանդական ընտանեկան արժեքները և ամուսնության ինստիտուտը որոշիչ գործոններ են երկրի ինքնիշխանության ամրապնդման գործում։ Երկրի ապագան պետք է կառուցվի առողջ ընտանիքների, երեխաների առողջ դաստիարակության հիման վրա, ոչ թե «ժողովրդավարություն» անունով եվրոպական խաղերի վրա, ինչը վաղուց հանգեցրել է համընդհանուր դեգրադացիայի»,- օրենքի վերաբերյալ «Ռիա Նովոստի»-ին ասել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Թամարա Ֆրոլովան։