13/07/2023 12:29
Մարդը մտնում է Սևան, ասում են՝ 10 հազար տուր, ինչի՞ համար. ավտոկանգառի համար թող 200 դրամ վճարի, ոչ թե կես ժամը մեկ վազի նայի՝ ավտոյի հայելիները տարե՞լ են, թե՞ չէ. Վարչապետ
Կառավարությունը որոշեց «Սևան» ազգային պարկի ռեկրեացիոն գոտում հանրային լողափեր ստեղծել։ Նախագծի ընդունմամբ հնարավորություն կընձեռնվի ՀՀ քաղաքացիների և օտարերկրյա հյուրերի համար ստեղծել մատչելի և որակյալ հանգստի պայմաններ:
Արդեն ձևավորվել է 8 հանրային լողափ։ Գործում են անվճար ծառայություններ, սակայն սպասարկող ընկերությունների կողմից կլինեն վճարովի ծառայություններ։
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ասաց, թե այդ հատվածներում չի կարելի ծխել, միացնել բարձր երաժշտություն, թույլատրվելու են թույլ ալկոհոլային խմիչքներ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե մի քանի անգամ այցելել է հանրային լողափեր, փորձել է դուռը բացել ու բռնակը ձեռքում է մնացել, սանիտարական վատ վիճակ է տեսել, կոտրված նստարաններ, աղբի կուտակումներ։
«Էլ չասեմ սանհանգույցի վիճակի մասին։ Հիմա ես հանձնարարել եմ՝ մրցույթով պետք է հանրային լողափեր ստեղծենք ու տանք կառավարման։ Ցանկացած քաղաքացի կարող է գնալ, նստել ափին ու ամբողջ օրն անցակցնել այնտեղ, իր հետ տանել ուտելիք, անհրաժեշտ պիտույքներ, բայց, մյուս կողմից, եթե քաղաքացին ուզում է օգտվել որոշակի ծառայություններից, պետք է վճարի ու օգտվի, սա արվում է նրա համար, որ մասնավոր հատվածը շահագրգռվածություն ունենա ներդրումներ անել, պատշաճ վիճակի բերել տարածքը ու սպասարկում իրականացնել, որի արդյունքում կստեղծի անհրաժեշտ միջավայր՝ պատշաճ հանգիստ անցկացնելու համար»,- ասաց Փաշինյանը։
Նա ասաց, թե փորձը ցույց է տալիս, որ անվճար սանհանգույցը երբեք նորմալ չի լինելու. թող լինի վճարովի, բայց արժանապատիվ։
«Մարդը մտնում է Սևանի տարածք, գալիս ասում են՝ 10 հազար տուր, ինչի՞ համար, մենք պետք է արգելենք մուտքի համար որևէ վճար տալ, բայց, եթե ավտոկանգառ կա, որն անվտանգություն է սահմանում, որ մարդը 200 դրամ վճարի, ի՞նչ կլինի, թող վճարի, հանգիստ կլինի, ոչ թե կես ժամը մեկ վազի նայի՝ ավտոյի հայելիները տարե՞լ են, թե՞ չէ»,- ասաց Փաշինյանը։