13/07/2023 11:56
Շատ լավ հնարավորություն կա 2023 թվականը նույնպես ապահովել բարձր տնտեսական աճով. Նիկոլ Փաշինյան
ՀՀ պետական բյուջեի եկամտային հատվածը առաջին կիսամյակի արդյունքներով գերակատարվել է շուրջ 50 միլիարդ դրամով։ Սրա արդյունքում 10 միլիարդ դրամով լրացուցիչ հարկային եկամուտների ծրագրային ցուցանիշների ավելացման հաշվին համալրվում է պահուստային ֆոնդը։
«Սրանից առաջ 10 որոշումներով արդեն իսկ մեր պլանը ավելացվել էր շուրջ 7.5 միլիարդ դրամով, որի հիմնական մասը՝ մոտ 6.5 միլիարդ դրամը, հատկացվել է Լեռնային Ղարաբաղին»,- կառավարության այսօրվա նիստում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե այս տարվա առաջին հինգ ամիսների տնտեսական ցուցանիշներն են ապահովել սա։
Փաշինյանը շնորհակալություն հայտնեց այն հարկատուներին, ովքեր օրենքով սահմանված հարկերը վճարում են առանց Քննչական կոմիտեի, Դատախազության ու իրավապահ մյուս մարմինների օգնության։
Նա վստահ է՝ շատ լավ հնարավորություն կա առաջին հինգ ամսվա ցուցանիշներով 2023 թվականը նույնպես ապահովել բարձր տնտեսական աճով։
«Այս առումով ուզում եմ ուշադրություն հրավիրել կապիտալ ծախսերի իրականացման մեր տեմպին ու որակին։ Ծախսերի մասին խոսելիս երբեք չպետք է մոռանալ որակի մասին, որովհետև ծախսն առանց որակի միջոցների վատնում է, դա պետք է բացառել»,- ասաց նա։