14/07/2023 16:39
Կարծրատիպերը կոտրելու ժամանակն է. Անահիտ Մանասյանը մասնակցել է կանանց իրավունքների պաշտպանությանը նվիրված քննարկմանը
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ հուլիսի 14-ին, մասնակցել է «Հայաստանն ավելի ուժեղ դարձնելով. Կանայք, խաղաղությունը և անվտանգությունը Հայաստանում» խորագրով միջոցառմանը։
Անահիտ Մանասյանն իր ելույթում անդրադարձել է կանանց իրավունքների պաշտպանության և խթանման ուղղությամբ Հայաստանում իրականացվող քայլերին։ Գործընթացի հաջող իրականացման համար նա ընդգծել է տարբեր կարծրատիպերի հաղթահարման կարևորությունը։ Այս համատեքստում Պաշտպանը նշել է, որ անհրաժեշտ է լուրջ աշխատանքներ իրականացնել կրթության ոլորտում, քանի որ դպրոցական տարիներից է ձևավորվում կարծրատիպային մտածողությունը։
Անահիտ Մանասյանն անդրադարձել է նաև մարզերում բնակվող կանանց տարբեր գործընթացներում մասնակցության խնդրին։ Պաշտպանը նշել է, որ մարզեր իրականացվող այցերի ժամանակ տարբեր քննարկումներ է անցկացնում կանանց հետ, կարևոր դերակատարություն ունի նաև ՄԻՊ առընթեր կանանց խորհուրդը։
Պաշտպանը ներկայացրել է նաև Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ կանանց իրավունքների պաշտպանության և խթանման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Նա նշել է, որ շուտով ստեղծվելու է ՄԻՊ առընթեր ազգային փոքրամասնությունների հարցերով հասարակական խորհուրդ, ինչի արդյունքում նշված խնդիրների հաղթահարման հնարավորությունները կմեծանան։
«Անձամբ եմ աշխատելու ազգային փոքրամասնությունների համայնքների կանանց հետ»,- ընդգծել է նա։
Պաշտպանը խոսել է նաև որոշումներ կայացնելու գործընթացում կանանց ներգրավվածության խթանման մասին` ընդգծելով, որ կանանց ներգրավվածությունը կարևոր է կառավարման ոչ միայն միջին, այլ նաև որոշումների կայացման մակարդակում։
«Հայաստանն ավելի ուժեղ դարձնելով. Կանայք, խաղաղությունը և անվտանգությունը Հայաստանում» խորագրով միջոցառումն անցկացվում է Հայաստանում Եվրոպական միրության պատվիրակության կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակում։ Այն իրականացնում է «Դեմոկրատիան այսօր» հասարակական կազմակերպությունը և նվիրված է ՄԱԿ-ի ԱԽ «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» N1325 բանաձևի գործողությունների երկրորդ ազգային ծրագրի կիրարկումը բարելավելու համար իրականացվող քայլերին։ Միջոցառումը երկօրյա է և անցկացվում է հուլիսի 14-15-ը։