14/07/2023 14:56
Ռուս խաղաղապահների զորակայանի մոտ վրաններ են տեղադրվում. պետնախարարը կհանդիպի ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարի հետ
Որևէ մեկը կասկած չունի, որ արցախցին իր համար կատարված ցանկացած լավությունը գնահատող և բազմապատիկը վերադարձնող տեսակ է, հանրահավաքի ժամանակ ասաց Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։
Նրա խոսքով՝ արցախցին պատերազմից հետո այս բարդ իրավիճակում մշտապես իր երախտիքի խոսքն է ասել Արցախում ռուսական խաղաղապահ ուժերին։
Գուրգեն Ներսիսյանը հայտնեց, որ մի քանի հոգով հանդիպում կունենան Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարի հետ, որից հետո ինքը կվերադառնա և կներկայացնի հանդիպման արդյունքները։
«Մեր հաջորդ քայլը՝ հիմա այստեղ տեղադրում ենք վրաններ, և բոլորը վրաններում սպասում են մեր պահանջի կատարմանը։ Կարծում եմ, որ այլևս որևէ տարբերություն չկա մենք սոցիալական, կենցաղային, սննդի հետ կապված խնդիրներով այստեղ ենք, թե Ստեփանակերտում»,- հայտարարեց Ներսիսյանը։
Նա ընդգծեց՝ ուզում են ՌԴ խաղաղապահներին ասել, որ Արցախի ժողովուրդը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիմնական շահառուն Արցախի ժողովուրդն է, և, երբ հայտարարության կողմերից մեկը չի կատարում իր պարտականությունները, դա չի նշանակում, որ դրա պատճառով առաջացած ծանրագույն հեռտևանքները պետք է կրի արցախցին։
«Մենք այստեղ ենք, որպեսզի արցախցիների խոսքը փոխանցենք խաղաղապահներին, որ ամենևին բարեկամական չէ, երբ Արցախը գտնվում է լիակատար շրջափակման մեջ, բայց մենք ամեն օր տեսնում ենք ուղղաթիռների թռիչքներ», - հայտարարեց Ներսիսյանը։
ՌԴ խաղաղապահների հետ հանդիպումից հետո հավաքի մասնակիցների մի մասը՝ Ասկերանի բնակիչները, կմնան խաղաղապահների զորակայանի մոտ՝ վրաններում, իսկ մնացածը կվերադառնան Ստեփանակերտի Վերածննդի հրապարակ, որտեղ կշարունակվի առավոտյան մեկնարկած հանրահավաքը։