14/07/2023 17:32
«Հայաստանի իշխանությունները հասկանում են ԼՂ-ում խորացող հումանիտար ճգնաժամի հետևանքները միջազգային հանրությանն ավելի տեսանելի դարձնելուն ուղղված քաղաքացիական քայլերը»․ Փաշինյանի խոսնակ
Հայաստանի իշխանությունները հասկանում են ադրբեջանական շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամի հետեւանքները միջազգային հանրությանն ավելի տեսանելի դարձնելուն ուղղված քաղաքացիական քայլերը, «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ անդրադառնալով Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում վաղ առավոտից մեկնարկած անժամկետ համաժողովրդական շարժմանը՝ Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը դադարեցնելու պահանջով։
«Հայաստանի իշխանությունները հասկանում են Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամի հետեւանքներն ու Ադրբեջանի կողմից վարվող էթնիկ զտման քաղաքականությունը միջազգային հանրությանն ավելի տեսանելի դարձնելուն ուղղված քաղաքացիական քայլերը։
Հայաստանի կառավարությունը ինքը ջանքեր է գործադրում այս ուղղությամբ: Միջազգային հանրությունը պետք է գործուն միջոցներ ձեռնարկի՝ ի կատար ածելու Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի եւ հուլիսի 6-ի իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումները՝ Լաչինի միջանցքի ապաարգելափակման մասին:
ՀՀ կառավարությունը այս առումով նաև ընդգծում է, որ միջազգային մեխանիզմի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների եւ անվտանգության օրակարգով Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը անհրաժեշտություն է»,- ասել է Բաղդասարյանը։