14/07/2023 19:04
«Խախտվել է մարդկանց անդորրը, Դ. Ստեփանյանին պատճառվել է ֆիզիկական ցավ»․ Ինչու՞մ է Քննչական կոմիտեն մեղադրում զոհված զինծառայողի հորն ու հորեղբորը
Այսօր փաստաբան Վահան Հովհաննիսյանը հայտնել էր, որ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին և հորեղբորը՝ Արթուր Գալեյանին մեղադրանք է առաջադրվել 2022 թվականի հունիսի 30-ին Գլխավոր դատախազության դիմաց տեղի ունեցած միջադեպի գործով։
«Այդ գործով մեկ տարուց ավելի որևէ քննչական-դատավարական գործողություն չէր իրականացվել, ծնողներից որևէ մեկը չէր հարցաքննվել։ Ընդ որում, դեպքից հետո մենք ինքներս ենք ներկայացել ոստիկանության բաժին, տվել էինք բացատրություններ։ Գարիկ և Արթուր Գալեյանները ունեին մարմնական վնասվածքներ, նաև՝ Վահիդ Սահակյանը, սակայն այսօր այդ գործով մեղադրանք է ներկայացվում Գարիկ Գալեյանին»,- ասել էր պաշտպանը։
Քիչ առաջ էլ Քննչական կոմիտեն է հաղորդագրություն տարածել զոհված զինվորի հոր ու հորեղբոր նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին։ Հաղորդագրությունում Քննչական կոմիտեն նշել է․
«ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ 2022 թվականի հունիսի 30-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, Երևան քաղաքի Վ. Սարգսյան փողոցում՝ ՀՀ գլխավոր դատախազության դիմաց, զոհված զինծառայողների ծնողների կողմից իրականացվող ակցիայի ժամանակ, Երևանի 48-ամյա բնակիչ Գ.Գալեյանը և նրա եղբայրը՝ Ա․Գալեյանը, հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու ուղղակի դիտավորությամբ, հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով, օգտագործելով այն առիթը, որ վավերագրական ֆիլմի նկարահանումների իրականացման նպատակով ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց գտնվող Դ․ Ս․-ն չի կատարում նկարահանումները դադարեցնելու իր պահանջները, նրան ցուցարարների, լրագրողների, ոստիկանների մոտ ստորացնելու նպատակով, իր ձեռքում գտնվող շշի պարունակությունը ցուցադրաբար լցրել է վերջինիս գլխին: Այնուհետև իր եղբոր և մի շարք անձանց հետ հայհոյանքներ և այլ անպարկեշտ արտահայտություններ հնչեցնելով՝ հարձակվել են Դ. Ս․-ի վրա, պատռել նրա վերնաշապիկը, բազմաթիվ հարվածներ հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին:
Արդյունքում խախտվել է մարդկանց անդորրը, իսկ Դ. Ստեփանյանին պատճառվել են առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ և ուժեղ ֆիզիկական ցավ:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Գ․ և Ա․ Գալեյանների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 195-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննությունը շարունակվում է»։