14/07/2023 16:57
Գեղարքունիքի մարզում ապամոնտաժվում են անօրինական տեղադրված գովազդային վահանակները
Գեղարքունիքի մարզով անցնող միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներին տեղադրված ապօրինի գովազդային վահանակները և ցուցանակներն ապամոնտաժվում են մարզպետ Կարեն Սարգսյանի համապատասխան հանձնարարականով։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության վարչությունից, Գեղարքունիքի մարզպետի հանձնարարությամբ 2023 թվականի մայիս ամսի ընթացքում մարզի համայնքապետարանների կողմից գույքագրվել են համայնքների վարչական տարածքներում առկա գովազդային վահանակները։ Տրված հանձնարարականի համաձայն՝ մինչև 2023 թվականի հունիսի 1-ը համայնքապետարանները պետք է միջոցներ ձեռնարկեին՝ ինքնակամ տեղադրված գովազդային վահանակներն օրինականացնելու ուղղությամբ։ Հունիսի 1-ից հետո, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի նոր հանձնարարությամբ, մարզի համայնքների ղեկավարներին առաջարկվել է օրինականացման չդիմած գովազդային վահանակների ցանկը ներկայացնել մարզպետի աշխատակազմ։ Այժմ աշխատանքներ են ընթանում համայնքների վարչական տարածքներում, միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների եզրերին ապօրինի տեղադրված գովազդային վահանակները և ցուցանակներն ապամոնտաժելու ուղղությամբ։
«Նոր տեղադրվող ցուցանակներն ու գովազդային վահանակները պետք է ունենան համապատասխան թույլտվություն, լիովին համապատասխանեն օրենքով սահմանված բոլոր չափորոշիչներին։ Հակառակ դեպքում ապօրինի գործունեություն ծավալելու պարագայում կկիրառվի վարչական պատասխանատվություն»,-ներկայացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից։