14/07/2023 12:21
ԼՂ-ում հումանիտար վիճակն օր օրի ավելի սարսափելի է դառնում. արդեն հստակ գործողություններ են անհրաժեշտ մեր միջազգային գործընկերների կողմից. Խանդանյան
Լեռնային Ղարաբաղում հումանիտար վիճակն օր օրի ավելի սարսափելի է դառնում և այս մասին մեր խորհրդարանական բոլոր շփումներում խոսում ենք, այսօր ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։
«Վերջերս Ֆրանսիայում էի և ֆրանսիացի մեր գործընկերների հետ շատ մանրամասն քննարկել ենք այս հարցը։ Կարծում եմ՝ արդեն հստակ գործողություններ են անհրաժեշտ մեր միջազգային գործընկերների կողմից և նրանց մոտ այս ընկալումը կա։ Մեր դիրքորոշումը ԼՂ բնակիչների իրավունքների և անվտանգության պաշտպանության հարցում անփոփոխ է։ Պետք է լինի երկխոսություն ԼՂ-ի հայերի ներկայացուցիչների, Ստեփանակերտի և Բաքվի միջև, քննարկվի իրավունքների և անվտանգության հարցը և որը կունենա միջազգային տեսանելիություն», - ասաց նա։
Խանդանյանի խոսքով, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները պետք է պահպանվեն և դրան է ավելացել նաև Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի որոշումը, որը վերահաստատվեց վերջերս կայացրած նոր որոշմամբ։
«Մեր դերը դիվանագիտության, նաև խորհրդարանական դիվանագիտության շնորհիվ այս հարցերը բարձրաձայնելն է, փորձել մեծացնել ճնշումն Ադրբեջանի վրա և մի շարք հրթակներում որոշումների հասնել», - ասաց պատգամավորը։