14/07/2023 09:17
«Հրապարակ». Առաջիկայում թերևս ակտիվ պրոցեսներ են սպասվում, և իշխանությունն ընդդիմության գլխին նոր մահակ է նախապատրաստում
«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանը նոր օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել: Առաջարկում է փոխել ԱԺ կանոնակարգ օրենքը և թույլ տալ, որ պատգամավորի և Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը գլխավոր դատախազը ներկայացնի Ազգային ժողովի ոչ միայն հերթական, այլ նաև արտահերթ նստաշրջանի ընթացքում։ ԱԺ կանոնակարգ օրենքում պատգամավորը փոփոխությունների առաջարկ է ներկայացրել, որն արդեն շրջանառության մեջ է դրվել և, որոշ լուրերով, հնարավոր է մինչև խորհրդարանի՝ արձակուրդ մեկնելը արտահերթ նիստում օրենքի տեսք ստանա։
Հիշեցնենք, որ գործող օրենքը սահմանափակում է, և դատախազը միայն հերթական նիստին կարող է նման միջնորդագիր ներկայացնել: Իր այս «հույժ կարևոր» առաջարկը պատգամավորը հիմնավորում է նրանով, որ եթե նման անհրաժեշտություն առաջ գա գարնանային նստաշրջանի վերջում, օրինակ՝ հունիսի երկրորդ շաբաթից հետո, իրավապահները հարկադրված կլինեն 2-3 ամիս սպասել՝ մինչև աշնանային նստաշրջանը, որ սկսվեն հերթական նիստերը, և անձեռնմխելի անձանց նկատմամբ քրգործ հարուցելու, կալանավորելու հնարավորություն ստանան։ Այս շտապողականությունը մի բանի մասին է գուժում, որ առաջիկայում թերևս ակտիվ պրոցեսներ են սպասվում, և իշխանությունն ընդդիմության գլխին նոր մահակ է նախապատրաստում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: