14/07/2023 12:36
Ինձ ճանաչող մարդիկ կարող են ենթադրություններ կազմել ինձ դաստիարակած մարդու մասին. Մարիա Կարապետյանը՝ ֆեյսբուքում իր մայրիկի անունով անհարիր մեկնաբանությունների մասին
Իմ մայրը նման բառեր չի գրել և առհասարակ նման բառապաշար չունի, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով համացանցում մի գրառման տակ արված անհարիր մեկնաբանություններին, ասաց ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Մարիա Կարապետյանը։
«Պարբերաբար ես, թիմակիցներս ենթարկվում ենք գրոհների սոցիալական ցանցերում։ Երբ ես նայում եմ իմ գրառումների տակ մեկնաբանություններին, ակնհայտ է դառնում, որ դա ոչ թե ինքնաբուխ, բնական զայրույթ է, որն արտահայտվել է ոչ ճիշտ բառապաշարով, այլ կազմակերպված ինչ-որ գրոհ է և դրա նպատակը լռեցնելն է հանրային գործիչներին, այս պարագայում՝ ինձ։ Եվ ես ենթադրում եմ, որ նախորդող օրերին, հատկապես ԵԱՀԿ վեհաժողովի շրջանում տեղի ունեցած գրոհի էֆեկտիվությունը ցածր գնահատելով կազմակերպիչները որոշել են, որ իմ անձն էլ ներգրավվեն դրա մեջ», - ասաց նա։
Կարապետյանը նշեց, որ չունի ամբողջական պատասխան, թե ինչ է տեղի ունցել, «բայց վերադարձից հետո իմ ֆեյսբուքյան էջին նկատել եմ նամակ, որով փորձել են կոտրել իմ ֆեյսբուքյան էջը»։
«Այսինքն այդ գրոհն այդ մասշտաբի էր հասել, ինչն իմ համար զարմանալի էր, ես չէի ակնկալում, որ այդ ուղղությամբ այդքան ջանքեր էր պետք գործադրել։ Ես տարբերում եմ քաղաքացիների քննադատությունը հայհոյախոսությունից։ Մի օգտատեր շատ վատ բառապաշարով մեկնաբանություն էր թողել իմ գրառման տակ, անյուհետև, իբրև թե երկխոսություն էր սկսվել իմ մոր հետ, ինչը չի համապատասխանում իրականությանը։
Ինձ ճանաչող մարդիկ կարող են ենթադրություններ կազմել ինձ դաստիարակած մարդու մասին։ ֆեյսբուքում իմ մոր ակտիվության դրսևորումներն ուսումնասիրելով կարող են եզրակացնել, որ մաքսիմում ինչ կարող է անել՝ իմ գրառումների տակ «Դիսնեյ» մուլտֆիլմի ստիկեռ դնելն է։ Կրկնում եմ՝ մայրս չի արել նման բան, չունի նման բառապաշար», - պարզաբանեց Կարապետյանը։