14/07/2023 12:50
Տեխնիկական աջակցություն ոստիկանությանը․ ՆԳ նախարարն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին
Հ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին։
Վահե Ղազարյանը բարձր է գնահատել հայ-ֆրանսիական ոստիկանական համագործակցությունը, ինչի հիմքը դրվել է 1995 թվականին ստորագրված երկկողմ վարչական համաձայնագրի շնորհիվ։ ՆԳ նախարարը մատնանշեց ոստիկանության շուրջ 1000 ծառայողների համար կազմակերպված 100-ից ավելի միջոցառումները, որոնք իրականացվել են Համաձայնագրի շրջանակներում։
Նախարարն ընդգծելով ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում սերտ հարաբերությունները՝ առանձնացրել է հանցավորության դեմ պայքարի ոլորտում Հայաստանի և Ֆրանսիայի Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոների միջև և միգրացիայի ոլորտում՝ Հայաստանում Ֆրանսիայի իմիգրացիայի և ինտեգրման գրասենյակի տարածաշրջանային ներկայացուցչության հետ սերտ փոխգործակցությունը։
Անն Լույոն նշել է համագործակցության կարևոր ուղղությունները։ Արտակարգ և լիազոր դեսպանը ուրախությամբ փաստեց «Արևելյան գործընկերության տարածաշրջանում կազմակերպված հանցավորության դեմ պայքարի» ծրագրի շրջանակներում Երևանում տեղի ունեցած հանդիպումը, որին մասնակցել են Եվրոպոլի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Մոլդովայի, Վրաստանի, Ռումինիայի և Հայաստանի ներկայացուցիչները։ Անն Լույոն հայտնեց նաև, որ այդ ծրագրի շրջանակներում Հայաստանի ոստիկանությանը տրամադրվել է տեխնիկական աջակցություն։
Հանդիպմանը հյուրերը ներկայացրել են Հայաստանի ոստիկանությանը տրամադրված դիտարկող նորագույն սերնդի անօդաչու թռչող սարքերը, որոնք հնարավորություն ունեն տևական ժամանակահատվածով լինել օդում՝ մինչև 12 կմ բարձրության վրա, և մեծ ճշգրտությամբ հաղորդել լուսանկարներ և տեսանյութեր։