14/07/2023 11:34
Այդ կինն ուղղորդվում է այս քաղաքում գտնվող կիսահանցագործ տարրերի կողմից. Չալաբյանը՝ Հրազդանի դեպքի մասին
Երեկվա սադրանքից հետո Հրազդանում այսօր «ՀայաՔվեն» վերսկսում է իր աշխատանքը, հայտնում է նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։
Ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ Չալաբյանը նշեց, որ ինքն այս պահին գտնվում է Հրազդանում, որտեղ երեկ ուղղորդված սադրանք է տեղի ունեցել. «Ցավոք, ոստիկանությունը երեկ չի խառնվել դեպքեին, և այդ կինը բավականին մեծ ավերածություններ է արել։ Շուտով այդ կնոջ նկատմամաբ հանցագործության մասին հաղորդում կտանք։ Այդ կինն ուղղորդվում է այս քաղաքում գտնվող կիսահանցագործ տարրերի կողմից։ Մենք այդ կնոջ տեղը գիտենք, նրա անունը հայտնի է, ուստի նա որևէ կերպ չի խուսափելու պատասխանատվությունից»։
Չալաբյանը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ «ՀայաՔվեի» դեմ սոսկալի արշավ է տարվում, բոլոր նրանց կողմից, ովքեր մեր երկիրն ու Արցախը ուզում են հանձնել Թուրքիայի ու Ադրբեջանի ողորմածությանը. «Բայց նրանք տապալվելու են։ Մեր վճռականությունն անսահման է, մենք պաշտպանում ենք մեր երկիրը և տարբեր տեսակի հանցագործները մեզ չեն կարող խանգարել»։
Հիշեցնենք, որ օրերս որոշ քաղաքացիները Մարտունիում և Հրազդանում հարձակվել էին «ՀայաՔվե»-ի անդամների վրա։