14/07/2023 09:53
Պարեկները 3-րդ հարկից ընկած 7-ամյա տղային իրենց մեքենայով շտապ հասցրել են Գյումրիի հիվանդանոց․ Shamshyan.com
Հուլիսի 13-ին, ժամը 23:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի 3-րդ դասակի պարեկ Ռաֆիկ Մաթևոսյանն ու կրտսեր պարեկ Երվանդ Առաքելյանը Գյումրի քաղաքի Մուշ թաղամասի Հալաբյան փողոցում ծառայություն կատարելիս են եղել, երբ նրանց են մոտեցել 2 հոգի և հայտնել, որ երեխան շենքի պատուհանից վայր է ընկել, և մինչև շտապօգնության գալը անհրաժեշտ է, որ փոքրիկին տեղափոխեն հիվանդանոց: Այս մասին գրել է Shamshyan.com-ը։
Պարեկները անմիջապես իրենց ծառայողական ավտոմեքենայով երեխային տեղափոխում են «Գյումրու մոր և մանկան ավստրիական» հիվանդանոց, որտեղ էլ հավատարիմ Հիպոկրատին տված երդմանը՝ գործի են անցնում բժիշկները:
Երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է և չի բացառվում, որ Գյումրու բժշկական կենտրոնում անհրաժեշտ առաջին բուժօգնությունը ցուցաբերելուց հետո երեխային տեղափոխեն Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Կայքի տեղեկություններով՝ երեխան ընկել է իրենց տան 3-րդ հարկի պատուհանից:
Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողներն ու ՊԾ Շիրակի մարզի գումարտակի պարեկները դեպքի վայրում հայտնաբերել են արնանման հետքեր և երեխայի խաղալիքը:
Դեպքի մասին արդեն ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Շիրակի մարզային վարչությունից տեղեկություն են փոխանցել Հայաստանի Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն:Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեխան 7-ամյա տղա է: