14/07/2023 21:51
10 չափահաս ամերիկացիներից միայն 1-ն է կարծում, որ ժողովրդավարությունն արտացոլում է քաղաքացիների շահերը․ Սոցհարցում է անցկացվել
10 չափահաս ամերիկացիներից միայն 1-ն է կարծում, որ ԱՄՆ-ում ժողովրդավարությունն արտացոլում է քաղաքացիների մեծամասնության շահերը, այդ մասին են վկայում Փիրսոնի ինստիտուտի և հասարակական կարծիքի հետազոտության AP-NORC կենտրոնի անցկացրած վերջին սոցհարցման տվյալները, որոնք հրապարակվել են այսօր։
Հարցվածների միայն 10%-ն է նշել, որ ժողովրդավարությունն ԱՄՆ-ում իրականանում է «գերազանց կամ շատ լավ», իսկ 49 տոկոսը նշել է՝ «վատ կամ շատ վատ», 40 տոկոսի կարծիքով էլ ժողովրդավարության հանրահռչակված գործառույթները միայն մասամբ են իրագործվում։
Հարցին՝ լա՞վ է արդյոք կառավարությունը ներկայացնում մարդկանց շահերը, ամերիկացիների 53 տոկոսը պատասխանել է՝ վատ, 35 տոկոսը նշել է, որ իրենց տեսակետները տեղ են գտնում, 12 տոկոսն էլ պատասխանել է՝ կառավարությունը մարդկանց շահերը շատ լավ կամ լավ է ներկայացնում։
Հարցվածների մոտավորապես երկու երրորդն ասել է, որ ԱՄՆ-ի օրենքներն ու քաղաքականությունը չեն արտացոլում քաղաքացիների դիրքորոշումը տարբեր հարցերի շուրջ: Հարցվածների կեսից ավելին էլ ասել է, որ դժգոհ է կառավարության քաղաքականությունից՝ առողջապահության ու բնապահպանության ոլորտներում։
53 տոկոսը նշել է, որ ԱՄՆ Կոնգրեսը թերանում է ժողովրդավարական արժեքները պաշտպանելու գործում, 16 տոկոսը հակառակ կարծիքն է հայտնել, իսկ 71 տոկոսն էլ պնդել է, որ ամերիկացիների կարծիքը պետք է վճռորոշ լինի նոր օրենքներ ընդունելու և քաղաքական կուրս մշակելու հարցում, բայց միայն 48 տոկոսն է նշել, որ գործնականում հենց այդպես էլ տեղի է ունենում։