14/07/2023 16:28
ԱԱԾ տնօրենի գլխավորությամբ տեղի է ունեցել գերիների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովի նիստը
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Արմեն Աբազյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որին, բացի հանձնաժողովի անդամներից, ներկա են եղել Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոն, անհայտ կորած անձանց ընտանիքների շահերը ներկայացնող մի խումբ ծնողներ և հարազատներ:
Նիստի ընթացքում հանձնաժողովը հավանություն է տվել Անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց, գերիների վերաբերյալ հայեցակարգին, քննարկվել են անհայտ կորելու հանգամանքների շուրջ տարվող քննության արդյունքները, տուժողների, ինչպես նաև ԴՆԹ նույնականացում ունեցող անձանց հետ տարվող աշխատանքները:
Հանձնաժողովի անդամները ներկայացրել են իրենց կատարած աշխատանքները, ինչպես նաև պատասխանել ծնողների, հարազատների կողմից բարձրացված հարցերին, որոնք վերաբերվել են բռնի անհետացած անձանց ճակատագրին, միջազգային ատյաններում նրանց դեպքերը պատշաճ ներկայացնելու կարևորությանը, կատարվելիք աշխատանքներին, անհայտ կորելու հանգամանքների շուրջ ՀՀ քննչական կոմիտեի կողմից կատարվող քննությանը, ծնողների ներգրավվածությանը գործընթացին, ԴՆԹ նույնականացում ունեցող անձանց հետ կապված խնդիրներին:
Առանձին հարցեր հանգամանալից քննարկելու նպատակով նիստի ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություններ հանձնաժողովի առանձին անդամների և ծնողների խմբի միջև աշխատանքային կարգով հանդիպումներ անցկացնելու վերաբերյալ, որոնց արդյունքները պետք է ներկայացվեն հանձնաժողովին: