14/07/2023 16:06
Գեղարքունիքի մարզում սկսվել է անասնակերի բերքահավաքը
Հուլիսի առաջին օրերից Գեղարքունիքի մարզի տնտեսություններում մեկնարկել և ընթանում է անասնակերի բերքահավաքը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել է Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Մարտին Պետրոսյանը, անասնակերի բերքահավաքը սկսվել և առայժմ ընթանում է ցածրադիր գոտիների ցանովի և բնական խոտհարքներում։ Մարզի համայնքներում առկա 470 տրակտորային խոտհնձիչները, 26 կերհավաք կոմբայնները և 423 հավաքիչ-մամլիչները լիովին բավարար են՝ խոտհնձի աշխատանքները ժամանակին և որակով կատարելու համար:
Վարդենիսի, Մարտունու, Գավառի, Ճամբարակի և Սևանի համայնքապետարանների աշխատակազմերից ստացված տվյալների համաձայն՝ արդեն կատարվել է մոտ 2000 հեկտար խոտհունձ։ Նախնական տվյալներով՝ ցանովի խոտհարքերի 1 հեկտարից ստացվում է մինչև 30, բնական խոտհարքերի 1 հեկտարից՝ 12-15 ցենտներ բերք։ Անասնակերի բերքահավաքը մարզում կշարունակվի մինչև սեպտեմբերի առաջին կեսը։