14/07/2023 12:58
Տղաս սրտի արատ ուներ, իմ երեխաները շրջափակման զոհ են դարձել. Արցախում մահացած 3-ամյա Լեոյի և 6-ամյա Գիտայի մայրիկի հարցազրույցը
Արցախում շրջափակման հետևանքով առաջացած իրավիճակում օր օրի շատուշատ ընտանիքներ կանգնում են սոցիալական ծանր խնդիրների առջև: Կենցաղային սպառման առաջին անհրաժեշտության առարկաների և սննդի ու վառելիքի բացակայության պատճառով հոգալ ընտանիքի մինիմալ պահանջները գրեթե անհնար է դարձել: Շրջափակման հարուցած խնդիրներն առաջինը զգացել են հատկապես սոցիալապես առավել խոցելի խմբերը, ովքեր օրվա գոյատևելու սնունդը հայթայթելու համար ստիպված անցնում են բազում դժվարությունների միջով:
Օրերս Մարտակերտը ցնցվեց երկու անչափահաս երեխաների մահվան լուրով: Երկու անչափահասների մայրը` Վերա Նարիմանյանը «Ջրաբերդ» թերթին պատմել է, որ շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակում ավելի էր դժվարացել իր` որպես միայնակ մոր բեռը:
Մեկ ամիս առաջ էր երեխաների հետ տեղափոխվել Աղաբեկալանջ գյուղ, բայց աշխատանքը Մարտակերտ քաղաքում էր, վառելիքի բացակայության պատճառով երթուղային տրանսպորտը չէր աշխատում, նա ստիպված երեխաների հետ ոտքով ամեն օր հասնում էր Մարտակերտ` աշխատավայր:
«Ամեն օր ես երեխաներիս ձեռքը բռնած առավոտյան ժամը 8:00-ին Աղաբեկալանջից ոտքով գնում էի Մարտակերտ և երեկոյան հետ վերադառնում: Վառելիքի պակասի պատճառով ոչ երթուղայինն էր աշխատում, ոչ տաքսիները: Հուլիսի 7-ին գնացել էի խանութից ձեթ ու շաքարավազ առնելու, չկար, ասեցին` շրջվարչակազմի շենքում որպես օգնություն տալիս են շաքարավազն ու ձեթը: Գնացել եմ Վարչակազմ, ասել են հոսանք չլինելու պատճառով կեսօրից հետո են սկսելու բաժանել»,- ասել է կինը։
Մարտակերտի սոցիալ-հոգեբանական աջակցության բաժնի պետ Գոհար Գյուրջյանը մանրամասնել է, որ Վերայի ընտանիքի հետ ծանոթացել է ամիսներ առաջ. «Երեխաների մայրը որպես միայնակ մայր դիմել էր մեր կառույց, որպեսզի աջակցենք աշխատանքի տեղավորման հարցում, մեր միջնորդությամբ և շրջվարչակազմի ղեկավարի աջակցությամբ նրան տեղավորել ենք աշխատանքի: Հուլիսի 7-ին փոքր երեխայի` Լեոյի հետ եկել էր կենտրոն` ճշտելու, թե արդյո՞ք սննդի այդ աջակցությունը` ձեթն ու շաքարավազն իրենց էլ է հասնում:Մենք տեղեկացրեցինք, որ այո, հասնում է, բայց ինքը պարտադիր չէ, որ Մարտակերտից ստանա, քանի որ արդեն տեղափոխվել էր Աղաբեկալանջ համայնք: Համայնքների բնակիչներին այդ աջակցությունը տրամադրում են նաև իրենց համայնքներում և, քանի որ համայնքներում այդ գործընթացը դեռևս չէր սկսվել, ինքը նախընտրեց, որ ստանա Մարտակերտից: Այդ ժամին, որ ինքը եկել էր 11:00-12:00 էր ու հոսանք չկար, համակարգչային ոչ մի ծրագիր չէր աշխատում: Ես Վերայի հետ մոտեցել եմ Միասնական սոցիալական գործակալություն և խնդրել, որ Վերան Մարտակերտից ստանա իր բաժինը, նրան տեղեկացրեցին, որ կարող է սպասել և Աղաբեկալանջից ստանալ, բայց նաև չմերժեցին, որովհետև արդեն եկել հասել էր այդտեղ»:
Վերայի խոսքով` քանի որ Լեոն արդեն հոգնել էր և ուզում էր քնել, օրն էլ բավականին շոգ էր, մտածել է երեխային տուն տանի և ժամը 14:00-ից հետո, երբ կլինի հոսանք գա և ստանա օգնության փաթեթը:
«Ես չէի կարող սպասել, քանի որ տանը ձեթը վերջացել էր, կարտոֆիլ էի պատրաստել, երեխաները հաց էին կերել, իսկ երեկոյան առանց ձեթի որևէ բան պատրաստել չէի կարող, գիշերը Լեոն քաղցր թեյ է խմում նոր քնում, իսկ տանը, նաև ոչ մի խանութում չկար շաքարավազ»,- պատմել է Վերան, ու անընդհատ կրկնել` «ես իմ երեխաներին չէի կարող սոված թողնել, աշխատում էի ու գումարը հերիքում էր միայն սննդի համար, հաճախ պարտքով էի ապրանք գնում, բայց հիմա շրջափակման հետևանքով խանութները դատարկ են:
«Կեսօրին ուժեղ արև էր, Լեոն քնած էր, Գիտային ասել եմ երեխային նայիր գնամ օգնությունը ստանամ, գամ: Ոտքով Աղաբեկալանջից հասել եմ Մարտակերտ ու հետ վերադարձել: Միշտ էլ, երբ օգնություն են տվել գնացել եմ, ստացել իմ երեխաների համար, որ սոված չմնան»,-ասել է Վերան՝ ընդգծելով` իր երեխաները շրջափակման զոհն են դարձել:
Նա վստահ է՝ եթե չլիներ շրջափակումը և սննդի ու վառելիքի պակասը, նա Մարտակերտ երթուղայինով կգնար ու ժամանակին կվերադառնար, եթե չլինեին էլեկտրաէներգիայի հովհարային անջատումները, նա ստիպված չէր լինի երեխային տուն տաներ և կրկին գնար Մարտակերտ քաղաք, եթե խանութներում լինեին գոնե առաջին անհրաժեշտության ապրանքները և սնունդը, նա կարող էր ձեթն ու շաքարավազը գնել խանութից:
«Մեծ աղջիկս, որ դեպքի օրը Ստեփանակերտում ազգականի տանն էր, նրբերշիկ էր ուզում, ման եկա, ոչ մի խանութում չկար: Որ խանութ մտնում ես դատարկ է: Ներկա պահին ինչպես պահեմ երեխային, որ ոչինչ չկա: Ինձ մեղադրում են, որ երեխաներին թողել եմ մենակ ու գնացել, բայց ես գնացել եմ սնունդ բերելու, որ երեկոյան հաց պատրաստեի, տղաս սրտի արատ ուներ, այդ շոգ եղանակին ոտքով ինչպես տանեի հետս, եթե չկար ոչ մի մեքենա: Աղաբեկալանջի ճանապարհին են զանգել ասել երեխաները չկան, ամբողջ գիշեր ման են եկել ու առավոտյան ես իմ երեխաների դիակը տեսել եմ»,- պատմել է արցախցի կինը։