15/07/2023 17:38
Ռուսական կողմն ասում է՝ եթե ՀՀ իշխանությունն Արցախը հանձնել է, մեզանից ի՞նչ եք ուզում․ Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ հայտարարությանը, որում շեշտադրվում է, որ Հայաստանի ղեկավարությունն է Արցախն Ադրբեջանի մաս ճանաչել։
«Ռուսաստանի արտգործնախարարությունը մեկնաբանել է Արցախի շուրջ ստեղծված իրադրությունը, որում, ըստ էության, նշվում է, որ ՀՀ իշխանության` Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հայտարարությունը հիմնովի փոխել է գործընթացի տրամաբանությունը:
ՌԴ ԱԳՆ-ի փոխանցմամբ, վերոնշյալ հանգամանքը հաշվի առնելով, պետք չէ իրադրության պատասխանատվությունը երրորդ երկրների վրա գցել:
Պարզ ասած, ռուսական կողմն ասում է, որ եթե ՀՀ իշխանությունն Արցախը հանձնել է, ապա մեզանից ի՞նչ եք ուզում` ակնարկելով, որ իրենց առաջադրած խաղի կանոններով, Արցախի ադրբեջանացում չէր ենթադրվում:
2022-ի Պրահայի հայտնի գործընթացից հետո, երբ Փաշինյանը բաց տեքստով մտադրություն հայտնեց ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում, իսկ նրա թիմակիցներն ադրբեջանական թեզերով սկսեցին «հիմնավորել» Արցախի ադրբեջանական լինելը, ռուսական կողմն արդեն մի քանի անգամ է նմանօրինակ բովանդակության ազդակներ հղում:
ՌԴ-ից նաև ակնարկում են, որ 2020-ի նոյեմբերի եռակողմ հայտարարությունն առնվազն ենթադրում էր կարգավիճակի վերաբերյալ քննարկումների հետաձգում, սակայն ՀՀ իշխանության նախաձեռնությամբ գործընթացում հիմք ընդունվեց ադրբեջանական օրակարգը»,- գրել է Տիգրան Աբրահամյանը: