15/07/2023 14:58
Ռուսաստանում կանխվել է Մարգարիտա Սիմոնյանի սպանությունը
Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը կանխել է RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի և լրագրող Քսենյա Սոբչակի սպանությունները, որոնք Ուկրաինայի Անվտանգության ծառայության հանձնարարությամբ նախապատրաստել են «Պարագրաֆ-88» նեոնացիստական խմբավորման անդամները, ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ ԱԴԾ մամուլի ծառայությունից։
«Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը Քննչական կոմիտեի և ՆԳՆ-ի հետ համագործակցությամբ կանխել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից RT հեռուստաալիքի և «Ռոսիա Սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի սպանության նախապատրաստումը։ Ըստ ձեռք բերված տեղեկությունների՝ նախապատրաստվում էր նաև Քսենիա Սոբչակի սպանությունը»,- ասել են ՌԴ ԱԴԾ-ից։
Նշվում է, որ «Պարագրաֆ-88»-ի անդամներին ձերբակալել են հուլիսի 14-ին, նրանք խոստովանել են, որ Ուկրաինայի հատուկ ծառայությունների պատվերով են պատրաստվել կատարել նշված անձանց նպանությունները, յուրաքանչյուր սպանության համար 1,5 միլիոն ռուբլի վարձատրություն է խոստացված եղել։
ՌԴ ԱԴԾ-ից հայտնել են նաև, որ ձերբակալվածների մոտից առգրավել են Կալաշնիկովի ավտոմատ, 90 փամփուշտ, դանակներ, կռփազենքեր, ռետինե մահակներ, ձեռնաշղթաներ, շևրոններ և նացիստական խորհրդանիշներով դրոշներ, նացիստական գրականություն, ինչպես նաև կապի միջոցներ և համակարգիչներ՝ նրանց հանցավոր մտադրությունները հաստատող տեղեկություններով։