15/07/2023 17:31
Կառավարության անգործության պատճառով Երևանի քրեական և քաղաքացիական դատարանների աշխատակիցները աշխատավարձ չեն ստացել․ չի բացառվում, որ գործադուլ անեն
Երևանի քրեական և քաղաքացիական դատարանների աշխատակիցներն այս ամիս դեռևս չեն ստացել նախորդ ամսվա աշխատավարձը, թեև նախկինում նման ուշացումներ չեն եղել, գրել է «Փաստինֆո»-ն։
Աշխատակիցներին խոստացել են, որ օգոստոս ամսին աշխատավարձը կստանան, ինչին այդքան էլ վստահությամբ չեն արձագանքում։ Դատարանների՝ առանց այն էլ գերծանրաբեռնված աշխատանքի պայմաններում, երբ աշխատակիցները ստիպված են լինում արտաժամյա աշխատել, երբեմն անգամ առանց հանգստյան օրերի, փաստացի, զրկվել են աշխատավարձից և չի բացառվում, որ գործադուլ անեն։
ԲԴԽ-ից աշխատավարձերի ուշացումը պայմանավորել են Երևանի քաղաքացիական և քրեական դատարանների բյուջեի բաժանման նախագծով, որը դեռևս կառավարությունը չի հաստատել։
«Այս տարի Երևանի դատարանները բաժանվեցին քաղաքացիական և քրեական դատարանների, սակայն բյուջեի բաշխվածությունը տարեսկզբին տեղի չէր ունեցել։ Այս պահին արդեն շրջանառության մեջ է դրվել բյուջեն երկու մասի բաժանելու որոշումը, սպասում են համապատասխան որոշման կայացմանը, որից հետո հնարավորինս արագ կստանան իրենց աշխատավարձերը։ Հուսանք, ամենասեղմ ժամկետներում հնարավոր կլինի խնդիրը կարգավորել»,- «Փաստինֆո»-ին ասել են ԲԴԽ-ից։