15/07/2023 10:02
«Ժողովուրդ». Ի՞նչ են քննարկել ՔՊ կուսակցության նախաձեռնող խմբի նիստում, որը շատ թեժ է անցել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հուլիսի 13-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նիստին մասնակցել են կուսակցության վարչության անդամներ, Երևանի տարածքային կազմակերպությունների խորհուրդների անդամներ, Երևանի ավագանու անդամներ։ Քննարկվել են Երևանի ավագանու սպասվող ընտրություններում կուսակցության ընտրական ցուցակի ձևավորման կարգը և քարոզարշավին առնչվող հարցեր։
ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ երեկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստը, որը վարել է վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը, շատ թեժ է եղել: Մեր աղբյուրները փոխանցում են, որ գլխավոր թեման եղել է Երևանի քաղաքապետի ընտրությունները: Բանն այն է, որ իշխանությունը պատրաստվում է ընտրությունների, իսկ կուսակցությունում գրեթե բոլորը գնում են անձակուրդ: Փաշինյանը նիստի ընթացքում ասել է, որ արդեն պետք է պատրաստվել, կազմել ցուցակները:
Մեր տեղեկություններով՝ դեռևս անուններ են շրջանառվում, թե ովքեր պետք է լինեն այդ ցուցակներում, բայց վերջնական հստակեցում չկա: Նախընտրական շտաբը ղեկավարելու է Արմեն Փամբուխչյանը, բայց քննարկվել է նաև տեղակալների հարցը: Նաև հարցեր են հնչել քարոզարշավը սկսելու հետ կապված՝ երբ է նախատեսվում սկսել, ովքեր պետք է ներգրավված լինեն աշխատանքներին։
Փաշինյանը պատասխանել է, որ բոլորը, առանց բացառությունների, պետք է ներգարվվեն այդ գործում: Նիստում գլխավոր դերում է եղել նաև Տիգրան Ավինյանը, որը նշել է, որ պետք է սկսել աշխատանքի բաշխում անել, և բոլորը պետք է իրենց թաղամասերում, վարչական շրջաններում ներգրավվածություն ունենան:
Վերջինս նաև հավելել է, թե գիտի, որ շատ քիչ ժամանակ է մնացել, բայց գրեթե որևէ աշխատանք իր սրտով արված չէ, և պետք է ամբողջ ներուժը դնել այս գործին և համախմբված աշխատել»։