15/07/2023 09:40
«Ժողովուրդ». Պետությունը չունի հստակ դիրքորոշում ԶՈւ հետախուզության նախկին պետի նկատմամբ. մե՛կ պարգևատրում է, մե՛կ մեղադրում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեն նախաքննության ավարտ է հայտարարել ԶՈւ հետախուզության նախկին պետ Արայիկ Հարությունյանի գործով և գործն ուղարկել է դատարան։ Նշենք, որ գեներալ-մայորն արդեն 7 ամիս է, ինչ կալանքի տակ է։
Դատախազությունը հայտնել էր, որ ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար Ա.Հ.-ն, ունենալով մարտական հերթապահության վերաբերյալ ժամանակին որոշումներ ընդունելու, ենթականերին առաջադրանքներ տալու և դրանց կատարումը վերահսկելու, պետական սահմանի, շփման գծի խախտումները կանխելու, ինչպես նաև հակառակորդի հանկարծակի հարձակման հնարավորությունը բացառելու և կասեցնելու պարտավորություն, 2021 թվականի ապրիլի 15-ին, տեղեկանալով, որ իր կողմից դեռևս 2021 թվականի ապրիլի 5-ին արձակված հրամանի պահանջները չեն կատարվել, որևէ միջոց չի ձեռնարկել հրամանի պահանջների կատարումն ապահովելու ուղղությամբ:
Արդյունքում ՀՀ զինված ուժերը զրկվել են Հայաստանի Հանրապետության վրա անակնկալ հարձակումը ժամանակին հայտնաբերելու և դրան դիմակայելու հնարավորությունից՝ առաջացնելով ծանր հետևանք. 2021 թվականի մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները ՀՀ պետական սահմանի Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա, Կութ բնակավայրերին և Նորաբակ համայնքին հարող շփման գծի այն հատվածներով, որտեղ զորամասի հրամանատարի անգործության հետևանքով սահմանված չի եղել մարտական հերթապահություն, անարգել հատել և մխրճվել են ՀՀ պետական սահմանից ներս, տեղակայել մարտական դիրքեր՝ վերահսկողություն սահմանելով ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ։
Հսկող դատախազի որոշմամբ՝ 2022 թվականի դեկտեմբերի 13-ին Ա.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում):
Հետաքրքիր է, որ ադրբեջանական ԶՈՒ հարձակումը չկանխելուց հետո Արայիկ Հարությունյանը նույնիսկ պաշտոնի բարձրացում է ստացել՝ կարճ ժամանակով նշանակվելով հետախուզության վարչության պետ, սակայն հետո նրան ազատեցին այդ պաշտոնից։ Իսկ ավելի վաղ՝ 2020 թվականի հոկտեմբերին՝ 44-օրյա պատերազմի օրերին, վարչապետ Փաշինյանի միջնորդությամբ՝ ՀՀ ԶՈւ 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Արայիկ Հարությունյանին, ի թիվս մի քանի այլ բարձրաստիճան զինվորականների, շնորհվել է գեներալ-մայորի կոչում։ Հիմա նա կալանավորված է, իսկ գործը՝ դատարանում: Այսինքն՝ պետությունը չունի հստակ դիրքորոշում այս սպայի նկատմամբ. մե՛կ պարգևատրում է, մե՛կ մեղադրում»։