15/07/2023 09:33
«Փաստ». Եթե ՔՊ-ի իշխանությունը մի քիչ էլ շարունակվի, կհասնեն իրենց նպատակին, ու ո՛չ զինանշանի կարիք կլինի, ո՛չ օրհներգի
«Փաստ» թերթը գրում է. «Մենք նախորդ համարում տեղեկացրել էինք, որ Նիկոլ Փաշինյանը հենց այնպես չէր վերբալ ոտնձգություններ անում ՀՀ զինանշանի և օրհներգի նկատմամբ: Նաև նշել էինք, որ փաշինյանական իշխանությունն ինտենսիվորեն լծվել է զինանշանը և օրհներգը փոխելու «գործին», իսկ հիմնական «քարշիչ ուժերն» էլ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ու ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն են։ Վերջինս նույն օրը փաստացի հաստատեց մեր թերթի տեղեկությունները:
Ըստ Ժաննա Անդրեասյանի արձագանքի, «աշխատանքային գործընթաց չկա», բայց հարցը բարձրացվել է, պետք է քննարկվի և այլն, և այլն: Հասկանում ենք՝ ինչն է խանգարում ՔՊ-ին հատկապես մեր զինանշանում: Բա՛յց: Ամենից հետաքրքիրը. Փաշինյանի ԿԳՄՍ նախարարը հայտարարել է, թե (ուշադրություն). «Զինանշանը պետք է արտացոլի մեր այսօրվա պետությունը»: Ասել կուզի՝ եղած զինանշանը չի համապատասխանում այսօրվա պետությանը, չի արտացոլում այն, պատկերացնո՞ւմ եք: Դե ինչ, «արտացոլա՞նք» եք ուզում: Մրցույթի չմասնակցելու պայմանով առաջարկում ենք, որ ՀՀ նոր՝ քպական զինանշանին պատկերվի, օրինակ՝ ուսապարկ, կամ էլ՝ Փաշինյանի «դուխով» կեպկան, ձեռքի վիրակապն էլ հետը:
Իսկ եթե լուրջ, ապա ո՞րն է այսօրվա պետության պատկերը, որին պիտի համապատասխանեն զինանշանն ու օրհներգը: Նիկոլ Փաշինյանի կողմից հանձնված Արցա՞խը, Նիկոլ Փաշինյանի պատճառով վտանգված ինքնիշխանությո՞ւնը, Նիկոլ Փաշինյանի պատճառով բազմաթիվ զոհերն ու մեծացած Եռաբլո՞ւրը... Մեզ միշտ թվացել է, որ զինանշանը պետք է արտացոլի տվյալ երկրի պատմությունը, անցած ուղին, իր մեջ ասելիք ու սիմվոլներ պարունակի: Պատկերացնո՞ւմ եք, որ ամեն անգամ, երբ իշխանափոխություն լինի, տվյալ իշխանությունը որոշի փոխել զինանշանն ու օրհներգը, որովհետև տվյալ պահի պետությանը չի համապատասխանում:
Ծիծաղելի՞ է: Գուցե: Բայց ոչ այս դեպքում: Իսկ ՔՊ-ն կարող է շատ ջանք չթափել, քանզի եթե իրենց իշխանությունը մի քիչ էլ շարունակվի, կհասնեն իրենց նպատակին, ու ո՛չ զինանշանի կարիք կլինի, ո՛չ օրհներգի...»։