17/07/2023 20:35
ՌԴ-ն հաստատել է մոտ ժամանակներս Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու պատրաստակամությունը
Ռուսաստանը վերահաստատել է իր պատրաստակամությունը Մոսկվայում կազմակերպել Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպում՝ քննարկելու Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիրը, հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ն։
«Ռուսական կողմը հաստատել է մոտ ժամանակներս Մոսկվայում ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում կազմակերպելու պատրաստակամությունը՝ բարձր մակարդակով քննարկելու պայմանավորվածությունների կատարման ուղիները, ներառյալ խաղաղության պայմանագրի համաձայնեցման թեման, որին հաջորդելու է Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը՝ հիշյալ փաստաթուղթը ստորագրելու համար»,- հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից` ներկայացնելով Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոյի ու ՌԴ-ում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուի հանդիպման մանրամասները:
Զրույցի ընթացքում քննարկվել է իրավիճակը Հարավային Կովկասում, ինչպես նաև Երևանի և Բաքվի հաշտեցման գործընթացը: Ռուսական կողմը վերահաստատել է իր դիրքորոշումը Լաչինի միջանցքի ամբողջական և անհապաղ ապաշրջափակման, 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն երկու ուղղություններով տրանսպորտային հաղորդակցության վերականգնման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի բնականոն կենսաապահովման համար պայմանների ստեղծման անհրաժեշտության վերաբերյալ։