17/07/2023 12:56
Բյուրեղավանում երիտասարդը դանակահարել է համաքաղաքացի չորս երիտասարդներին. նրանցից մեկը մահացել է
Հուլիսի 17-ին՝ ժամը 03.09-ին, ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «ձախ հարականջծնոտային շրջանի և աջ նախաբազկի կտրած, ջնջխված վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել բյուրեղավանցի 22-ամյա մի երիտասարդ: Ժամը 04.45-ին ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաջորդ ահազանգն է ստացվել. «պարանոցի կտրած վերք՝ մագիստրալ անոթների վնասվածքով» հիվանդանոց էր տեղափոխվել 20-ամյա Կարեն Միրոյանի դիակը. նա նույնպես Բյուրեղավանի բնակիչ էր:
Ժամը 05.06-ին «Աբովյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ կտրած վերքերով բուժօգնության են տեղափոխվել բյուրեղավանցի 20 և 32 տարեկան երկու երիտասարդ:
ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, Կոտայքի մարզի քննչական վարչության և Կոտայքի մարզի ՊԾ 2-րդ վաշտի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հուլիսի 17-ի ժամը 01.00-ի սահմաններում Բյուրեղավան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում մի խումբ երիտասարդներ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են, որի ընթացքում 31-ամյա երիտասարդը դանակահարել էր համաքաղաքացի չորս երիտասարդներին՝ նրանցից մեկին պատճառելով մահ:
Նա Բյուրեղավանի Զորավար Անդրանիկի փողոցի շենքերից մեկի մոտ հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանություն:
31-ամյա երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Աբովյանի քննչական բաժին: