17/07/2023 10:32
Դաշտադեմի ամրոցում առաջին անգամ կկայանա Զարկ-Ֆեստ փառատոնը
Արագածոտնի մարզի Դաշտադեմի ամրոցում հուլիսի 21-ին առաջին անգամ կկայանա աննախադեպ միջոցառում՝ Զարկ-Ֆեստ փառատոնը։ Այն կազմակերպում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։
Կազմակերպիչների հաղորդմամբ, Զարկ փառատոնը Հայաստանի իրադարձային տուրիզմի էկոհամակարգում լինելու է տեսակով առաջին մեծամասշտաբ իրադարձությունը՝ նվիրված ազգային պարին և մշակույթին։ Ժամանակակից մոտեցումներով ներկայացվելու է հայ ժողովրդի պարը ինչպես տեղացիներին, այնպես էլ Հայաստան այցելած հյուրերին։
Փառատոնի անցկացման վայրը՝ Դաշտադեմի ամրոցը, լինելով պատմամշակութային ժառանգության հրաշագեղ միջնաբերդ-դղյակ, ցավոք, այսօր ոչ այնքան հայտնի է նույնիսկ տեղացիների համար։ Փառատոնի շնորհիվ զարկ կտրվի նաև կառույցի ճանաչելիության բարձրացմանը՝ դրանից բխող բոլոր դրական հետևանքներով, վերջինս իր հերթին կնպաստի նաև ամբողջ գյուղի և հարակից շրջանների կենսամակարդակի բարձրացմանը։
Փառատոնի ընթացքում տարածքում կլինի գլխավոր բեմ և պարահրապարակ, որտեղ իրենց կատարումներով հանդես են գալու պրոֆեսիոնալ ազգագրական պարային համույթները, երաժշտական խմբերն ու երգիչ-երգչուհիները։ Մասնավորապես, հանդես կգան Ալթունյան պետական անսամբլը, Ակունք, Կարին, Սասնա ծռեր ազգագրական խմբերը։ Ելույթ կունենան երգիչ կատարողներ Լեյլա Սարիբեկյանը, Աղասի Իսպիրյանը, Վարդան Բադալյանը, Մավր Մկրտչանը, Ռուբեն Սասունցին և ուրիշներ։
Էկրանին տեսաշարերի տեսքով արդրադարձ կարվի մարզի հյուղերին ու կենցաղին, եկեղեցիներին ու անհատականություններին, մարզի բնակիչների ծագումնաբանությանն ու բանահյուսությանը:
Միջոցառման տարածքում կզետեղվեն նաև տաղավարներ։ Որոշ տաղավարներում կմատուցվի մարզի տվյալ սեզոնին հասունացող բերքի, մրգերի տեսականին, զուգահեռ ներկայացնելով նրանց հայկական սորտերի ծագումն ու արևմտյան Հայաստանից բերված տեսկների պատմությունը: Հանդիսատեսը հնարավորություն կունենա անվճար խնոցու թան վայելելու: Տաղավարներից երկուսը կծառայեն էթնոգրաֆիկ լուսանկարահանմանը, ուր մասնակից հանդիսատեսը հնարավորություն կունենա ամենատարբեր ժամանակներին բնորոշ զենքերերի տեսակներով, աշխատանքային գործիքներով ու տարազներով լուսանկարահանվելու:
«Զարկ-Ֆեստի նպատակն է վերաիմաստավորել ազգային արժանապատվությունը, նորոգել հանրային ինքնագիտակցությունը, նպաստել ուժեղ, նախաձեռնող, սեփական արժեհամակարգը պաշտպանող քաղաքացու ձևավորմանը, պարային ռիթմերի և դրանց ուղեկցող պատմական իրադարձությունների ներկայացման միջոցով ամրապնդել սեփական երկրին տեր կանգնելու մղումն ու գիտակցությունը, ցույց տալ և կարևորել հանգուցային պահերին հայ ժողովրդի կենտրոնացման, ինքնակազմակերպման և միասնական դառնալու կարողությունը»,-նշում են միջոցառման նախաձեռնողները։
Ամենամյա ԶԱՐԿ փառատոնը յուրաքանչյուր տարի կկայանա որևէ մարզում /10 մարզերում, հաջորդականությամբ/ ընդգրկելով նաև տեղի մշակութային, գիտական, ստեղծագործ ու կառավարչական ռեսուրսը:
Հաշվի առնելով, որ մեր հնավայրերից ու կոթողներից ամենաքիչ հանրությանը ներկայացվածը շարունակում են մնալ բերդերն ու ամրոցները, ծրագիրը որդեգրում է այն իրականացնել բացառապես տվյալ մարզում առկա, պատմական հենք ունեցող թագավորանիստ կամ իշխանական ամրոց-կառույցներում: