17/07/2023 11:23
ՄԻԵԴ-ը վերահաստատել է իր որոշման կատարման անհրաժեշտությունը․ պարտավորեցնել Ադրբեջանին ապահովել «Լաչինի միջանցքով» հիվանդների, անապաստան մնացած անձանց անվտանգ տեղաշարժը
Սույն թվականի հուլիսի 12-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը՝ ուսումնասիրելով Լաչինի միջանցքն ապաշրջափակելու առնչությամբ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոցներ կիրառելու ՀՀ կառավարության պահանջը՝ որոշել է վերահաստատել իր՝ 2022 թվականի դեկտեմբերի 21-ին կայացրած որոշումը, այն է՝ պարտավորեցնել Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները՝ ապահովելու «Լաչինի միջանցքով» Հայաստանում բժշկական օգնություն ստանալու կարիք ունեցող ծանր հիվանդ անձանց տեղաշարժը, ինչպես նաև ճանապարհին անապաստան մնացած կամ ապրուստի միջոցների կարիք ունեցող անձանց անվտանգ տեղաշարժը:
Սույն որոշմամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը փաստացի վերահաստատել է գործող իրադրության պայմաններում իր 2022 թվականի դեկտեմբերի 21-ի որոշման կատարման անհրաժեշտությունը և այն պետք է պարտադիր կատարվի Ադրբեջանի կողմից։
Այդ մասին հայտնում են Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի ֆեյսբուքյան էջում։