17/07/2023 11:55
Մաշա Մնջոյանը «Սլավյանսկի բազար 2023» մրցույթում արժանացել է Գրան Պրի մրցանակի
Հուլիսի 14-16-ը Բելառուսի Հանրապետության Վիտեբսկ քաղաքում կայացել է «Սլավյանսկի բազար 2023» երիտասարդ կատարողների 32-րդ ամենամյա միջազգային մրցույթը, որտեղ այս տարի մասնակցում էր 15 երկիր։ Այս մրցույթում Հայաստանը ներկայացրել է երգչուհի Մաշա Մնջոյանը։
Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջից հայտնում են, որ առաջին մրցութային օրը Մաշան կատարել է Եվգենի Կրիլատովի երաժշտությամբ և Իգոր Վոզնեսենսկիյիի խոսքերով գրված՝ «Խոստացիր ինձ սեր» երգը՝ արժանանալով ժյուրիի 66 միավորին: Իսկ երկրորդ մրցութային օրը, որպես միջազգային հիթ, կատարել է Արետա Ֆրանկլինի «Respect» ստեղծագործությունը՝ արժանանալով 69 միավորի: Արդյունքում, Մաշան մրցութային օրերին վաստակել է 135 միավոր՝ դառնալով հեղինակավոր մրցույթի բացարձակ հաղթողը՝ արժանացել է Գրան Պրի մրցանակի: Հայաստանն առաջին անգամ հաղթող է ճանաչվել «Սլավյանսկի բազար» երիտասարդ կատարողների մրցույթում։
«Սլավյանսկի բազար 2023» մրցույթում 1-ին մրցանակի արժանացել է Բելառուսի ներկայացուցիչը, 2-րդ մրցանակը կիսվել է Ռուսաստանի և Ուզբեկստանի ներկայացուցիչների միջև, իսկ 3-րդ մրցանակը բաժին է հասել Ղազախստանի և Ուզբեկստանի ներկայացուցիչներին։
Հիշեցնենք, որ հուլիսի 12-14-ը կայացել էր «Սլավյանսկի Բազար 2023» մանկական կատարողների մրցույթում Հայաստանի փոքրիկ պատվիրակ 10-ամյա Անահիտ Գալստյանը, մրցութային երկու օրերին դառնալով ֆավորիտներից մեկը՝ 133 միավորով զբաղեցրեց 2-րդ մրցանակային տեղը: