17/07/2023 17:01
ԱԶԲ հայաստանյան գրասենյակի նորանշանակ տնօրենը վերահաստատել է ԱԶԲ հանձնառությունը՝ երկկողմ գործակցության գերակայություններին համահունչ համագործակցության ամրապնդման վերաբերյալ
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հյուրընկալել է ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատիին՝ պաշտոնավարման ժամկետի ավարտի կապակցությամբ, եւ այդ պաշտոնում նրան փոխարինող Դոնալդ Լամբերթին:
Տիգրան Խաչատրյանն անդրադարձել է ԱԶԲ հետ համագործակցության շրջանակներում գրանցած կարեւոր ձեռքբերումներին։
Շնորհավորելով Դոնալդ Լամբերթին նշանակման կապակցությամբ՝ փոխվարչապետը վստահություն է հայտնել ԱԶԲ-ի հետ հաստատված արդյունավետ փոխգործակցության շարունակականության վերաբերյալ:
ԱԶԲ հայաստանյան գրասենյակի նորանշանակ տնօրենը, շնորհակալություն հայտնելով փոխվարչապետին ջերմ ընդունելության համար, վերահաստատել է ԱԶԲ հանձնառությունը՝ երկկողմ գործակցության գերակայություններին համահունչ համագործակցության ամրապնդման վերաբերյալ:
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման ընթացքի, ինչպես նաև քաղաքային կայուն զարգացմանը և դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավմանն ուղղված հարցերի վերաբերյալ։
Զրուցակիցները հատուկ անդրադարձ են կատարել նաև ոռոգման ենթակառուցվածքների զարգացման և ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման անհրաժեշտությանը՝ ընդգծելով այս ուղղությամբ համագործակցության ընդլայնման կարևորությունը: