17/07/2023 11:36
Քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացնում Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց. այնտեղից կշարժվեն ՌԴ դեսպանատուն
Քաղաքացիներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց՝ ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբի նախաձեռնությամբ։
Նախապես տարածված հաղորդագրության մեջ շտաբի պետ Միքայել Վիրաբյանը գրել էր․
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Յոթ ամսից ավելի է, ինչ Արցախը շրջափակման մեջ է՝ մեր ազգակիցներն ապրում են ծանրագույն ճգնաժամի ծայրահեղ պայմաններում։ Պահը օրհասական է և ճակատագրական։
Քույրեր և եղբայրներ, պետք է, անհրաժեշտ է կանգնել Արցախի մեր հայրենակիցների թիկունքին։ Սիրելիներս, դիմում եմ յուրաքանչյուրիդ՝ Մայր Հայրենիքում հյուրընկալված սփյուռքի մեր հայրենակիցներին, հայաստանյան բոլոր հասարակական կառույցներին, հասարակական-քաղաքական գործիչներին, քաղաքացիներին և, հատկապես, 2020թ. պատերազմի պատճառով տեղահանված և Հայասատանում ժամանակավորապես ապաստանած արցախցիներին, մեր մայրերին ու քույրերին՝ միացե՛ք ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբի նախաձեռնած խաղաղ և ապաքաղաքական հավաքներին։
Միասի՛ն տեր կանգնենք և պայքարենք Արցախը փրկելու, հայկական պահելու համար։
Հաստատակամորեն կանգնենք շրջափակման պայմաններում պայքարող մեր հարազատների կողքին և ապացուցենք, որ Արցախը մենք ենք, Արցախը չի կարող չլինել հայկական։ Կոչ ենք անում միանալ մեր պահանջատիրությանը և տեր կանգնել Արցախին։
Մենք պարտավոր ենք, մենք այլ ելք չունենք»:
ՄԱԿ-ի գրասենյակից հետո երթը կշարժվի ՌԴ դեսպանատուն։