17/07/2023 10:50
Արցախում նշել են Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը․ Լուսանկարներ
Ստեփանակերտի առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցին հերթական անգամ իր գրկում համախմբել է ժողովրդին: Հուլիսի 16-ին Առաքելական Եկեղեցին նշել է Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը: Արցախում ևս նշել են Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը:
Արցախի թեմից հայտնում են․«Տոնական օրը սկսվեց Սուրբ և Անմահ Պատարագով. պատարագիչն էր արժանապատիվ Տեր Վաչագան քհն. Գյուրջյանը: Տեր Հայրը իր քարոզի մեջ նշեց, որ մենք, մեր մտքում պետք է ունենանք Քրիստոսի կերպարը` որպես բացվող վարդ։ Հիսուս Քրիստոս վարդի նման փշոտ կյանք ունենալով, ծաղկեց և այլակերպվեց` ի ցույց դնելով Իր աստվածային փառքը: Քրիստոսի կերպարը այնքան պայծառ ու ճերմակ մաքրություն ունի, որ մենք անընդհատ պետք է նորոգենք մեր անձը` ձգտելով անհաս թվացող կատարյալ լույսին: Պատարագի ընթացքում Աշխարհգալոցի ժամանակ Տեր Հայրը վարդաջրով ցողեց ներկաներին:
Օրվա երկրորդ կեսին Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցու բակում տեղի ունեցավ Պայծառակերպության տոնին նվիրված միջոցառում, որը կազմակերպվել էր եկեղեցու երիտասարդաց միության կողմից: Միջոցառման մաս կազմեցին խաղերը, ազգային պարերը, որին մասնակից էին ինչպես միության անդամները, թեմի կիրակնօրյա դպրոցների երեխաները, այնպես էլ բոլոր նրանք, ովքեր ցանկություն հայտնեցին միանալու տոնական միջոցառմանը:
Այն ամփոփվեց ժողովրդական ավանդույթ դարձած ջրախաղով։ Գեղեցիկ միջոցառումը համախմբեց և ցնծությամբ լցրեց մարդկանց սրտերը»: