17/07/2023 21:01
10-ամյա Սոֆին մեկ ժամ հերթ է կանգնել, որ կաթ առնի. պաշարված Արցախում հումանիտար աղետը ժամ առ ժամ է խորանում
Ստեփանակերտի խանութները դատարկ են, որոշներին ցուցափեղկերին մայոնեզ ու մի քանի՝ ոչ առաջնային օգտագործման ապրանք է մնացել։
«Վերջին երկու կտրոնի ապրանքը չենք կարողացել ստանալ, հիվանդանոցում էի, ընտանիքի անդամներն ինձնով էին զբաղված։ Դրա համար ձեթը շատ շուտ վերջացավ։ Մայրս է մի քանի օր առաջ Մարտունիից մի շիշ ուղարկել. որպես թոշակառու՝ օգնություն էին տվել...»,-«Փաստինֆո»-ին պատմել էէ Թաղավարդի բռնազավթված հատվածից Ստեփանակերտ տեղափոխված Մանուշակ Հարությունյանը։
Խանութների դատարկության մասին տիկին Մանուշակը հումուրով է խոսում, «ինչպե՞ս եք» հարցին էլ պատասխանում՝ «նորմալ էլի, յոլա ենք գնում» ու վերջում միայն ավելացնում՝ «դեռ...»։
Թոշակառու մոր մշակած փոքր հողակտորի բարիքները ժամանակ առ ժամանակ մեղմում են սննդամթերքի համատարած դատարկությունն ու անարատ բանջարեղենի համն ու հոտը զգալու հաճույք պատճառում տիկին Մանուշակի զույգ որդիներին ու 10-ամյա աղջկան։
Սոֆին՝ տան փոքրը, վաղուց քաղցրավենիք ու պաղպաղակ չի կերել, բայց չի էլ պահանջում։ Մայրն ասում է՝ հեշտ է Սոֆիի հետ, երևի իրեն է քաշել՝ հասկանում է, որ չկա, չի էլ ուզում։ «Առաջին պատերազմի ժամանակ էլ՝ 1990-աականներին, ես էի Սոֆիի տարիքին։ Այն, ինչ ես եմ տեսել, հիմա ինքն է տեսնում։ Ավելին՝ ինքը նաև կաթի հերթ է կանգնել...Մի քանի օր առաջ բերել, թաղում կաթ էին վաճառում։ Ես աշխատանքի էի, ինքը որոշեց, որ պիտի գնա հերթ կանգնի ու կաթ առնի։ Գնաց, մոտ մեկ ժամ կանգնեց ու 3 լիտր կաթ առած՝ եկավ։ Մենակ տեսնեիք դեմքի գոհունակ արտահայտությունը, որ տուն մտավ... Լավ էր զգում, որ մի բանով էլ ինքն է օգնում»,-պատմում է տիկին Մանուշակը։
Սոֆիի երկու եղբայրները մի քանի օրից պաշտպանության բանակ են զորակոչվելու։ Ծառայության մեկնելուց առաջ տղաները մայրիկի պատրաստած կոտլետն են ուզել։ Տիկին Մանուշակն, իհարկե, նրանց ցանկությունը մի կերպ իրագործելու է, բայց տխրեցնողն այն է, որ երեխաների՝ անգամ նմանատիպ տարրրական ցանկությունների կյանքի կոչելը խնդիր է դարձել անձեթ մնացած Արցախում։
Տղաները նաև խմորեղեն են շատ սիրում։ Նախքան շրջափակումը, մայրը հաճախակի էր թխում. ամիսներ է՝ դա էլ անհնար դարձել. ոչ շաքարավազ կա, ոչ կարագ, ոչ ձեթ, ոչ ալյուր...
«Մոռացել ենք, թե տանը վերջին անգամ երբ է կոնֆետ եղել։ Խանութ չկա, որ կոնֆետ գտնվի։ Նախքան ամբողջական պաշարումը գոնե թանկ կար, կարողանում էիր մի քանի հատ առնել, մի ամիս է՝ դա էլ չկա»,-ասում է զրուցակիցս։
Եղածը տեղական բանջարեղենն է, բայց այնքան թանկ, որ ձեռք բերել շատերը չեն կարողանում։ «Սեխի գինն, օրինակ, 1300 դրամ է, ամենափոքրն էլ 3 կգ կշռում է։ Դա ո՞վ կարող է առնել՝ հատկապես, որ բազմաթիվ մարդիկ շրջափակման պատճառով կորցրել են իրենց աշխատանքը։ Իմ երեխաները հասկանում են իրավիճակը, բայց ով փոքր երեխաներ ունի, ինչպե՞ս բացատրի, որ չկա, եղածն էլ ահավոր թանկ է»,-նշում է տիկին Մանուշակն ու հավելում՝ ով ծանոթ ունի խանութում, էլի ժամանակ առ ժամանակ կաթնամթերք, ձու կարողանում է ձեռք բերել, իսկ ով չունի` կարոտ է մնում։
Այսքանով հանդերձ, տիկին Մանուշակը Արցախից քաջալերում է՝ այս դժվարությունները տանելի են, մի քիչ ավել, մի քիչ պակաս, դիմանալու ենք, միայն թե՝ վերջը լավ լինի...