17/07/2023 20:55
ՌԴ փոխարտգործնախարարը Բյուլբյուլօղլիի հետ քննարկել է Ադրբեջանի ԱԳՆ–ի ոչ կոռեկտ մեկնաբանությունները
Հուլիսի 17-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն հանդիպել է ՌԴ-ում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուի հետ: ՌԴ ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել է Ադրբեջանի ԱԳՆ-ի ոչ կոռեկտ հայտարարությունները։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԱԳՆ-ն տարակուսանք և ափսոսանք առաջացնող էր անվանել Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարությունը՝ կապված 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության և Երևանի ու Բաքվի միջև խաղաղ գործընթացի հետ:
Ռուսական կոմղը Ադրբեջանի հայտարարությունը որակել է «ոչ կոռեկտ» և ընդգծել, որ Ռուսաստանի Դաշնությունը մշտապես հարգանքով է վերաբերվել և վերաբերվում Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, «լիովին հավատարիմ է դաշնակցային փոխգործակցության մասին երկկողմ հռչակագրի ոգուն ու տառին»:
«Միևնույն ժամանակ, դա չի չեղարկում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի համալիր առաջխաղացման, օրակարգում դրված բոլոր հարցերի լուծման խնդիրը, ներառյալ Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության ապահովումը բացառապես խաղաղ քաղաքական-դիվանագիտական մեթոդներով»,- ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: