18/07/2023 16:59
30 դրամով մթերում դեռ չէինք ունեցել. բնակիչները նախընտրեցին ծիրանը թողնել ծառերի վրա, քան այդ գնով հանձնեն. Վերին Դվինի համայնքապետ
Քաղաքացիներն այս տարի ահազանգում էին, որ ծիրանի մթերման հետ կապված խնդիրներ կան։ Նրանք բողոքում էին, որ նախորդ տարվա համեմատ շատ էժան են մթերում ընկերությունները։ Արարատի մարզի որոշ համայնքների բնակիչներ նույնիսկ փորձեցին ճանապարհ փակել, սակայն հարցն այդպես էլ չլուծվեց։
Ինչպես կանխատեսում էին մասնագետները՝ ծիրանի աննախադեպ ցածր գին եղավ։
Արարատի մարզի Վերին Դվինի համայնքապետ Լյուդմիլա Պետրովան Aysor.am-ի հետ զրույցում ասաց, որ այսքան տարի նման խնդիր չեն ունեցել.«Տղաներ կան, որ 30 դրամով հավաքում են ծիրանը ու տանում հանձնում։ Բայց ծիրանն այն միրգը չէ, որը 30 դրամով իր ծախսը կհանի։ Շուկայում էլ էր այս տարի ծիրանը էժան։ Մեծ քանակությամբ ծիրան այդպես էլ մնաց ծառերի վրա։ Ծիրան հավաքողների աշխատուժը շատ թանկ է, օրական՝ 10 հազար դրամ։ Իսկ եթե 30 դրամով պետք է մթերեն, էլ ինչ օգուտ կա՝ այդքան ծախս արվի, եթե դրա գումաը չես կարող հանել։ Դրա համար շատերը նախընտրեցին ծիրանը թողնել ծառի վրա»։
Նրա խոսքով՝ նախկինում ամենաէժան գինը, որով մթերել են ծիրանը, եղել է 250 դրամ.«Դրանք եղել են վերջին ծիրանները, գյուղացու լեզվով ասած՝ մանր՝ «փեշի ծիրանները»։ Իսկ մթերումը սկսվել է 500-600 դրամից, տարիներ առաջ նույնիսկ 700 դրամով են մթերել։ Բայց 30 դրամն արդեն նորմալ չէ»։
Անդրադառնալով բանջարեղենի մթերմանը՝ նա նշեց, որ իրենց մոտ մի փոքր ուշ են մշակում լոլիկը, դեռ չի հասունացել ու մթերման խնդիր չկա.«Բայց լավ բաներ չեմ լսում։ Երեկ ասացին, որ լոլիկը դարձել է 80 դրամ, իսկ եթե այդ ձևով հանկարծ վաճառվեց, արդեն ժողովրդին ձեռնտու չի լինի, քանի որ ինքնարժեքը բարձր է ստացվում»։