18/07/2023 12:08
Մեր կառավարությունը կարծում է, թե ամեն ինչ պետք է լինի ընտրության քողի տակ. Արծրունի Սահակյանը՝ իր ինքնաբացարկի և Արա Խզմալյանի ընտրվելու մասին
«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանին միաձայն ընտրեց Մատենադարանի տնօրեն։
Տնօրենի թափուր տեղի համար հայտ էին նեկայացրել Մատենադարանի տնօրենի ԺՊ Կարեն Մաթևոսյանը, ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը և պատմական ու բանասիրական գիտությունների դոկտոր, Մատենադարանի գիտաշխատող Արծրունի Սահակյանը։
Արծրունի Սահակյանը ինքնաբացարկ հայտնեց։
Պատմական ու բանասիրական գիտությունների դոկտոր, Մատենադարանի գիտաշխատող Արծրունի Սահակյանն Aysor.am-ի հետ զրույցում նշեց, որ ելույթ ունենալուց հետո է ինքնաբացարկ հայտնել. «Ելույթ ունեցա, ավարտեցի և նպատակս հենց դա էր՝ ելույթ ունենալու իրավունքը»։
Սահակյանն այնքան էլ համամիտ չէ այն քննադատությունների հետ, որ Խզմալյանը չի կարող նորմալ տնօրինել Մատենադարանը. «Նայեք, ասեմ, տնօրենի աշխատանքը միանձնյա չէ, որ կարողանա կամ չկարողանա։ Կոլեկտիվ աշխատանք է, եթե ինքը դա վարի քննարկումների, մյուս աշխատակիցների ներգրավման ճանապարհով, ամեն ինչ հաջող կլինի։ Սա պետական սեփականություն է, ոտքից գլուխ պետական հոգածության տակ գտնվող հիմնարկ է և ճիշտն այն է, որ պետությունը, նրա ներկայացուցիչ իշխանությունը պետք է վստահելի մեկին նշանակի տնօրեն։ Այս ընտրություններն ուղղակի ավելորդ, անիմաստ են։ Մեր կառավարությունը կարծում է, թե ամեն ինչ պետք է լինի ընտրության քողի տակ, այդպես չէ։ Դու կարող ես ունենալ հոգաբարձուների խորհուրդ, դու կարող ես ղեկավարել Մատենադարանի գործունեությունը, տարեկան հաշվետվություններն ընդունել, բայց պարտադիր չէ, որ խորհուրդն ընտրի տնօրեն։
Խորհուրդը, հետևելով տնօրենի աշխատանքին, կարող է գնահատական տալ և անվստահություն հայտնել, եթե կառավարության թեկնածուն իրեն չարդարացնի։ Սա է ճիշտը, հետագայում, հավանաբար, պետք է այսպիսի սրբագրումներ կատարել այդ ընտրության կարգի մեջ»։
Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում Արա Խզմալյանին և նրան՝ որպես Մատենադարանի տնօրեն ընտրելուն՝ Սահակյանը պատասխանեց. «Նորմալ։ Մատենադարանին օտար մարդ չի նա և եթե իմ ասած միջոցներից օգտվի, կարող է արդյունավետ կառավարում ապահովել՝ ի՞նչ կա որ»։
Հիշեցնենք՝ ամիսներ առաջ մամուլը գրեց, որ կառավարությունը փորձում է վարչապետի տիկին Աննա Հակոբյանի օգնական Էսթեր Սահակյանի հորը՝ Արծրունի Սահակյանին նշանակել Մատենադրանի տնօրեն։