18/07/2023 20:17
Առկա են շատ քայլեր. hիմա ժամանակն է շարունակել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունները. Արարատ Միրզոյան
Առկա են շատ քայլեր, որոնք արդեն իսկ կարող են իրականացվել Հայաստանի և Թուրքիայի կողմից՝ վստահ լինելու համար, որ կողմերը ճիշտ ուղու վրա են դեպի հարաբերությունների վերջնական, համապարփակ և ամբողջական կարգավորում, երկու երկրների միջև սահմանի բացում և դիվանագիտական հարաբերությունների հաստատում, Ավստրիայում այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
Լրագրողը ԱԳ նախարարից հետաքրրքվել է` «Ալեքսանդր Շալենբերգն առաջարկել է Վիեննան որպես Հայաստանի և Թուրքիայի միջև բանակցությունների հարթակ: Ո՞րն է Ձեր պատասխանը: Արդյո՞ք Դուք դիտարկում եք դա», ինչին ի պատասխան` Միրզոյանն ասել է. «Իմ երախտագիտությունն եմ հայտնում իմ լավ գործընկերոջը՝ Վիեննան՝ որպես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի հարթակ առաջարկելու համար: Գիտենք, որ մի քանի անգամ մեր ներկայացուցիչներն արդեն հանդիպել են Վիեննայում և հնարավորություն են ունեցել քննարկել կարգավորման հարցերը և հուսով եմ դա կլինի շարունակական: Կցանկանայի հավելել, որ մենք ունեցանք որոշակի դադար այս գործընթացում, որը, կարծում եմ, պայմանավորված էր Թուրքիայում նախընտրական քարոզարշավով և ընտրություններով»:
ՀՀ ԱԳ նախարարի խոսքով` hիմա ժամանակն է շարունակել կարգավորման շուրջ բանակցությունները:
«Եվ առկա են շատ քայլեր, որոնք արդեն իսկ կարող են իրականացվել երկու կողմերից՝ վստահ լինելու համար, որ մենք ճիշտ ուղու վրա ենք դեպի հարաբերությունների վերջնական, համապարփակ և ամբողջական կարգավորում, երկու երկրների միջև սահմանի բացում և դիվանագիտական հարաբերությունների հաստատում: Այս պարագայում, ես, իհարկե, առաջին հերթին նկատի ունեմ հայ-թուրքական սահմանի բացումը երրորդ երկրների, նաև Հայաստանի և Թուրքիայի՝ դիվանագիտական անձնագիր կրող քաղաքացիների համար։ Կան մի քանի այլ նախագծեր, որոնք ևս քննարկվում են»,- նշել է նա:
Միրզոյանն ասել է, որ այս պահին Հայաստանի ու Թուրքիայի միջև բանակցությունների համար համաձայնեցված ամսաթիվ չկա: