18/07/2023 19:00
Եթե ամեն օր գոնե երկու կին միանա «Կանայք հանուն Արցախի» ակցիային, կունենանք ուղերձ, որ Հայաստանում մարդիկ անհաղորդ չեն Արցախում կատարվողին. Անուշ Սեդրակյան
Քաղաքագետ Անուշ Սեդրակյանը, բանաստեղծ Հասմիկ Սիմոնյանը երեկ ՄԱԿ-ի գրասենյակի մոտ մեկօրյա հացադուլ արեցին՝ «Կանայք հանուն Արցախի» խորագրով։
«Ի պաշտպանություն Արցախի որևէ ակցիա անելու ցանկություն պիտի ունենար քրիստոնեական արժեքներ ունեցող ցանկացած մարդ։ Մեր հայրենակիցներին ինչ-որ մեկը չար դիտավորությամբ և հատուկ ծրագրով սովամահության է դատապարտել, թե արցախցիների շրջանում, թե աշխարհում տպավորություն է ստեղծվում, թե ՀՀ քաղաքացիները հաշտ են Արցախում կատարվողին, թե ամբողջապես համակարծիք են իշխանության դիրքորոշմանն ու վարած քաղաքականությանը, այս և նմանատիպ ցանկացած ակցիա հակառակն ապացուցելու համար է»,- Aysor.am-ի հետ զրույցում նշել է Անուշ Սեդրակյանը։
«Մեկօրյա հացադուլն, իհարկե, շատ փոքր քայլ է, որովհետև Արցախում մարդիկ քանի ամիս պաշարման մեջ են, բայց եթե ամեն օր գոնե երկու կին թեկուզ մեկ օրով միանա «Կանայք հանուն Արցախի» ակցիային, ուղերձ կունենանք, որ ՀՀ քաղաքացիներն անտարբեր չեն, և որ ամեն ինչ կորած չեն համարում, որ պատրաստ են քայլերի»,- նշել է նա:
Սեդրակյանի գնահատմամբ` հանրությունը դավադրության զոհ է դարձել. նժարին հայ ժողովրդի ճակատագիրն է։
«Այս օրհասական ժամանակներում մեզ փորձում են լռեցնել տարբեր պատրվակներով։ Այս իշխանությունը թյուր տպավորություն է ստեղծել, որ ով ժողովրդավար է, պետք է անպայման ուրանա հայրենիքը, այնինչ ուրացողը իրենք են, որ ոչ էլ ժողովրդավար են։ Բոլոր այն մարդիկ, որ կհոխորտան, թե օրինակ «Հայաքվե»-ն կամ նմանատիպ այլ ձեռնարկումներ պատերազմ են հրահրում, հենց այդ մարդկանց պետք է համարել Արցախի, Հայաստանի թշնամիներ։ Այս երկրում պատերազմ հրահրել է մեկ մարդ, որ գոռում էր՝ Արցախը Հայաստան է և վերջ։ Չգիտես ինչու իշխանությունը մինչ օրս չի արել ինքնախոստովանություն, որ իրենք են Հայաստանի ու Արցախի բոլոր ողբերգությունների հեղինակը։ Հիմա տեսնում են, որ հանրությանն էլ նախկինների վախով չեն կարողանում մանիպուլացնել, տեսնում են, որ մարդիկ գոյաբանական վտանգի առջև միավորվում են, նոր վախեր են հորինում, պատերազմով են վախեցնում մարդկանց»,- ասել է Սեդրակյանը:
Հարցին՝ ինչո՞ւ են մտավորականները անհաղորդ Արցախում կատարվողին` Սեդրակյանը պատասխանել է՝ «երբ մենք մեղք ենք գործում, մեր ուղեղը փնտրում է արդարացումներ, մեր մտավորականությունը, որ շատ հարցերում հանցակից է իշխանությանը, հիմա ուզում է իր լռությամբ արդարացումներ փնտրել, իբրև թե, ամեն ինչ կանխորոշված էր»։
«Ես ասում եմ՝ այս ամենը գիտակցված, հանցավոր, մորթապաշտ գործողությունների հետևանք է։ Հիմա ինձ համար կարևոր է, որ թե միջազգային հանրությունը, թե Արցախում մեր հայրենակիցներն իմանան, որ ՀՀ քաղաքացիները հաշտ չեն իշխանության քաղաքականությանը, իշխանությունը չի արտահայտում ժողովրդի կարծիքը»,- հավելել է նա: