18/07/2023 11:41
Որ գյուղերն առանց հացի չմնան․ արցախցի 17-ամյա Հայկն իր թխած հացը տնետուն է տանում («Ռադիոլուր»)
Շրջափակումը ոչ միայն փոխել ու խմբագրել է արցախցիների կենցաղը, այլև մեծացրել մարդկանց պատասխանատվությունը։ 17-ամյա Հայկը ոչ միայն իրենց, այլև հարևան գյուղերին ու Մարտակերտ քաղաքին հաց է մատակարարում։ Հայկենց ընտանիքը հացի փուռ ունի, ինքն էլ, չնայած վառելիքի սղությանը, հացը փռից մարդկանց տներ ու խանութներ է հասցնում։
«Ռադիոլուրի» հետ զրույցում պատանի արցախցին պատմում է՝ ամեն ինչ անում են, որ շաբաթվա համար նախատեսված ալյուրի պաշարը չպակասի։ Այն խնայողաբար են օգտագործում, հաշվարկում են, որ ավել հաց չթխեն ու ալյուրը «չփչացնեն»։
Մոխրաթաղցի 17-ամյա Հայկի օրը շատ վաղ է սկսվում։ Գյուղում միակ հացի փուռն իրենցն է։ Հիմա ոչ միայն իրենց, այլև հարևան գյուղերի հացը իրենք են թխում։
«Հիմնական գործը սկսվում է ինձանից, խմորը ես եմ հունցում, մաման ու պապան խմորը մատնաքաշի տեսքով բացում են, ունենք նաև «պեչնիկ»։ Առավոտ 8-ին արթնանում եմ, հացը տեղավորում եմ արկղերի մեջ ու շարժվում եմ»,-պատմում է արցախցի տղան։
Հայկի առաջին կանգառը Աղաբեկալանջ գյուղն է։ Այստեղ խանութ չկա, Հայկը հացը, կարելի է ասել, տնետուն է տանում։ Պատմում է՝ շրջափակումից հետո պատասխանատվությունն ավելի է մեծացել, հիմա գիտի, որ պետք է ամեն ինչ անել, որ համագյուղացիներն ու հարևան գյուղի բնակիչները, առանց այն էլ բարդ պայմաններում, առանց հաց չմնան։
«Ազատ ժամանակ համարյա չեմ ունենում, ամեն ինչ անում եմ, որ տնեցիներին օգնեմ։ Առավոտ արթնանում եմ հացը բաժանում, երեկոյան էլ թխում ենք»։
Մարտակերտի շրջանի Մոխրաթաղ, Մեծ Շեն, Աղաբեկալանջ գյուղեր ու Մարտակերտի մի քանի խանութ․ Հայկենց փուռը օրական շուրջ 500-600 հաց է թխում։ Շրջափակումից հետո հացի պահանջարկը մեծացել է։ Արցախցի տղան պատմում է՝ ալյուրի խնդիրը հիմա ավելի բարդ է, նախկինում տանը թխողներն էլ են արդեն ստիպված հաց գնում։ Չնայած պահանջարկին, Սայիյանների ընտանիքը որոշել է՝ հացը ոչ մի դեպքում չեն թանկացնելու։
«Շաբաթվա համար 20 պարկ ալյուր ստանում ենք ու ամեն ինչ անում ենք, որ մի շաբաթվա համար հերիքի։ Բաշխում ենք 20 պարկը 7 օրվա մեջ, որ ոչ մեկ հանկարծ առանց հաց չմնա»,- ասում է Հայկը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։