18/07/2023 09:49
«Հրապարակ». Այս իշխանության բոլոր նախաձեռնություններն են փուչիկ, խոստումները` թղթի վրա մնացող, ծրագրերը` անկատար
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Արարատի մարզ այցելած Նիկոլ Փաշինյանին զեկուցել են, որ Արարատի մարզում 2021թ. կամավոր ատեստավորվել է 22 ուսուցիչ, 2022թ.՝ 84: Ատեստավորում անցած ուսուցիչներից միայն մեկի աշխատավարձն է հասել 463 հազար դրամի: Ըստ ԿՏԱԿ-ի` Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի, Արարատի մարզում աշխատում է 2 հազար 426 ուսուցիչ: Այսինքն՝ 2 հազար 426 հոգուց միայն 106 հոգի է 2 տարվա ընթացքում ատեստավորվել: Ու միայն մեկ ուսուցիչ է հաղթահարել ատեստավորման բոլոր պահանջները և ստանում է 463 հազար դրամ աշխատավարձ:
Այսինքն՝ այս իշխանության բոլոր նախաձեռնություններն են փուչիկ, խոստումները` թղթի վրա մնացող, ծրագրերը` անկատար: Եթե 2 հազար 426 ուսուցչից միայն 100-ն է 2 տարում մասնակցել ատեստավորմանը, կնշանակի՝ սա հերթական ձախողված ծրագիրն է, որի շուրջ երկու տարի է՝ ԿԳՄՍՆ-ն և ողջ իշխանությունը փիառ են անում, բայց տակն իրական բովանդակություն չկա»։