18/07/2023 21:00
ՀՀ իշխանությունները տեր չեն կանգնում ծվատված, պաշարված, բայց կանգուն Արցախին, մնում է իմանալ աշխարհասփյուռ հայ ժողովրդի կարծիքը. Կամո Աթայան
Ինչպես և սպասվում էր, ՀՀ ներկա իշխանությունները իրենց պրոթուրքական կեցվածքով ու գործելակերպով քայլ առ քայլ համաձայնեցին սկզբից Արցախը առնել շրջափակման մեջ, հետո թուրքերը իրենց հատուկ կեղծավորությամբ ու բարբարոսությամբ շրջափակումը դարձրին բացարձակ՝ զուգահեռաբար եվրոպացի խամաճիկ չինովնիկի բերանով հայտարարելով Բարդա-Աղդամ գծի հնարավոր գործարկման մասին…
Այս մտածողության և գործելակերպի արդյունքը լավագույն դեպքում մեզ համար լինելու է Ադրբեջանի կազմում ձևական ինքնավարության սահմանումը, որը «քաղաքակիրթ աշխարհը» և ՀՀ ներկա իշխանությունները համարելու են մեծ ձեռքբերում, քանզի սուլթանատը ժամանակին վերացրել էր նախկին ԼՂԻՄ-ը։
Պետք է նշել, որ ՀՀ իշխանությունը՝ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ ներդաշնակված, «խելամիտ» քայլերով կարողացան ստով, կեղծիքով, դատարկախոսությամբ ու կիսաքայլերով բթացնել հայ ժողովրդի` հատկապես հայաստանյան հատվածի զգոնությունը, կաթվածահարել նրա կամքը, նպատակային քայլերով նվազեցնելով ժողովրդի՝ թշնամուն դիմադրելու մարդկային ունակությունը` տեղը ներարկելով պարտվածի, անզորի, թույլի զգացողությունը, անտանելի պիտակ, խարան, որը չգիտեմ՝ ինչպես է ջնջվելու մեր ժողովրդի վրայից։
Ինչևիցե՝ ունենք այն, ինչ ունենք՝ միայնակ մնացած, բացարձակ շրջափակման մեջ գտնվող Արցախ՝ իր ՊԲ-ով, այնտեղ տեղակայված մոտ 2000 ռուս խաղաղապահներ, որոնք այս պարագայում անհասկանալի գործելակերպ ունեն, ու մի արասցե, թուրքական ուժային գործողության դեպքում, կարողանալու՞ են հայերին փրկել նոր ցեղասպանությունից, թե՞ ոչ։
Բացարձակ անգործության է մատնված ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը միակ միջազգային հարթակն է` ստեղծված Արցախի հարցի լուծման նպատակով, որի անդամներից ԱՄՆ-ն արդեն հայտարարել է «խաղաղության և արցախահայության իրավունքների ու անվտանգության ջատագովը» լինելու մասին, ՌԴ-ն պարզ հայտարարեց, որ ՀՀ-ի կողմից Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո անիմաստ է իր հետ հույսեր կապել, միայն Ֆրանսիան` քաղաքակիրթ մեր բարեկամն է դեռևս կանգնած Արցախի հարցի արդարացի լուծման դիրքերում։
«Ինչ անել» հարցը, ինչպես 100 տարի առաջ, այնպես էլ այսօր կախված է պայքարող ու մաքառող Արցախի գլխավերևում:
Կարծում եմ` այս դժվարին պահին անհրաժեշտ է Արցախի ապագայի, ասել է թե, Հայաստանի լինելիության հարցով դիմել աշխարհասփյուռ ավելի քան 11-միլիոնանոց հայությանը՝ իմանալ նրա հստակ կարծիքը և զուգահեռաբար գրանցվել Արցախի փրկության ճակատ-բանակում։
Անկասկած, քաղաքական, դիվանագիտական գործունեությունը պետք է ակտիվացնել` հատկապես լուրջ տեղ տալով ժողովրդական և պառլամենտական դիվանագիտությանը, զարգացնել, բազմազան ու բազմաբնույթ դարձնել առաջադեմ մարդկության, քրիստոնյա աշխարհի հետ տարվող աշխատանքները։
Հ.Գ. ՀՀ-ի և ոչ մի իշխանության իրավունք չի վերապահված բռնանալու արցախցու կամքի և Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչման բնական իրավունքի վրա։
Եթե չես կարողանում մնալ Արցախի անվտանգության հիմնական երաշխավորի կարգավիճակում, մի դարձիր նրա գերեզմանափորը։
Հայե՛ր, միացեք՝ միասնությամբ հաստատ կփրկենք Արցախը ու կամրագրենք այս Արևի տակ մեր ապրելու իրավունքը…