18/07/2023 14:52
Կերակրող մայրիկն ու երեք մանկահասակ երեխաների մայրը հացադուլ են սկսել՝ ի աջակցություն Արցախի թերսնված երեխաների
Մարգարիտան կերակրող մայրիկ է։ Մեկ տարեկան փոքրիկին թողել է տանը, Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի առջև մեկօրյա հացադուլ է անում՝ ի պաշտպանություն Արցախի 30000 երեխաների:
«Այսօր մյուս երեխայիս հետ եկանք պաստառներն ամրացրինք, դուստրս, այստեղ դրված հացերը տեսնելով, զարմացավ. դժվար է երեխային բացատրել, որ մի քանի հարյուր կիլոմետր այն կողմ իր նման երեխաներ սովի են մատնված», - Aysor.am-ի հետ զրույցում ասում է նա։
Մարգարիտան Երևանից է, Հերմինեն՝ Արցախից։ Հերմինեն տանը թողել է երեք մանկահասակ երեխայի։ Երկու կանայք ՄԱԿ-ի գրասենյակի առջև են ծանոթացել, երկու մայրիկին էլ միավորել է Արցախի թերսնված երեխաներին որևէ նախաձեռնությամբ աջակցելու գաղափարը, երկուսն էլ համեստորեն ընդգծում են՝ փոքր, աննշան քայլ են անում, գուցե նաև հուսահատության ճիչ է։ Հերմինեն, որ նաև բանաստեղծ է, ասում է՝ հույս ունի, որ գրչակից ընկերները, մտավորականներ, արվեստագետներ կմիանան ակցիային, այնպես որ ամեն օր ՄԱԿ-ի առջև հացադուլ անող մարդ լինի։
«Եթե երկու հոգու փոխարեն այստեղ չորս հարյուր մարդ լինի, գուցե գրասենյակում թեկուզ հարկադրաբար քայլեր ձեռնարկեն։ Այս տարիներին կառավարության դեմ արված բոլոր ակցիաներին մասնակցել եմ, այս պահին ՄԱԿ-ի գրասենյակի առջև եմ, որովհետև ՄԱԿ-ն այսպիսի իրավիճակների համար համապատասխան գործիքակազմ ունի, կարող է պարեն, դեղորայք հասցնել Արցախ»։
Հերմինեն ավելացնում է՝ գլխումս անընդհատ այն միտքն էր, որ 1988 թվականին Արցախյան շարժումը բոցավառեցին մտավորականները, հնարավոր չէ՞, որ մեր օրերում էլ մտավորականները առաջամարտիկը դառնան Արցախի փրկության շարժման․«Ցավոք, այսօր մտավորականների անտարբերությունն է միայն տեսանելի։ Այն իրավիճակում ենք, որ յուրաքանչյուրս պիտի պատրաստ լինի որևէ վճռական քայլի, ինձ համար գոնե պարզ էր, որ տանը նստել չեմ կարող»։
Հիշեցնենք՝ երեկ քաղաքագետ Անուշ Սեդրակյանը, բանաստեղծ Հասմիկ Սիմոնյանը ՄԱԿ-ի գրասենյակի մոտ մեկօրյա հացադուլ արեցին՝ «Կանայք հանուն Արցախի» խորագրով։ Նախաձեռնության հեղինակները հույս էին հայտնել, որ ամեն օր գոնե երկու կին մեկ օրով կմիանա նախաձեռնությանը։