19/07/2023 13:06
Արմեն Աշոտյանին զրկել են երեխաների և ընտանիքի անդամների հետ շփումից. դրանից էլ են հաճույք ստանում. Աթանեսյան
Արմեն Աշոտյանին զրկել են երեխաների և ընտանիքի անդամների հետ շփումից. սրանից էլ են հաճույք ստանում, լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
Նրա խոսքով՝ Արմեն Աշոտյանի քաղբանտարկյալ լինելու մասին միայն փաստաբաններն ու իր ընկերները չէ, որ հայտարարում են.«Դրա մասին է նաև հայտարարում Եվրոպայում իշխող կուսակցությունը։ Սա լրջագույն ապտակ է սրանց, դրա մասին են հայտարարում եվրոպական կառույցները, դրա մասին են արդեն վկայում սոցիոլոգիական հարցումները։ Սովորական մարդիկ կարծում եմ, որ Աշոտյանը քաղբանտարկյալ է, քանի որ էլ ոչինչ չեն կարողանում թաքցնել։ Սա այն ճշմարտության հատիկն է, որը կարող է դառնալ հզոր զենք։ Դուք բացահայտ ձեր ինտելեկտուալ ոչնչությունը թաքցնելու համար կալանավորել եք մարդու»։
Աթանեսյանի պնդմամբ՝ քաղբանտարկյալի պաշտպանությունը բավականին բարդ պրոցես է.«Այստեղ իրավաբանություն չկա։ Այստեղ հարց կառաջանա, թե այդ դեպքում ինչ է անում փաստաբանը։ Պետք է անել ամենը, օգտագործել բոլոր գործիքները, որոնք ունենք, որոնք տրվում են օրենքով։ Այն բոլոր բողոքները, միջնորդությունները, որոնք մենք ներկայացնում ենք, դրանք ինքնանպատակ չեն, դրանք՝ բոլորը ճիշտ են, և կգա ժամանակ, որ որպես ական կպայթեն այս իշխանությունների տակ։ Ուստի, դիմելու ենք իրավաբանական բոլոր մեթոդներին, որոնք հասանելի են»։
Անդրադառնալով Աշոտյանի գործով դատավորի ինքնաբացարկի մերժմանը՝ Աթանեսյանը նշեց՝ կարողացել է ճշտել, որ Արգիշտի Քյարամյանը հանդիսանում է դատավոր Արթուր Նահապետյանի մտերիմ ընկերը և քավորը։ Այդ երկու երիտասարդների կենսագրությունն էլ է նույնը, ով որտեղ գնացել է, մյուսին իր հետ տարել է․ ավելի շուտ Քյարամյանն է տարել, վերջում էլ որոշել է ընկերոջը նշանակել Վերաքննիչ դատարանի դատավոր։ Այնպես է, որ ես վստահ եմ՝ այդ դատարանի ցանկացած դատավոր նույն որոշումը կկայացներ»։