19/07/2023 12:46
Աշոտյանի քրեական գործը խորը հոգեբուժական խնդիրներ ունեցող մարդու մտքի ծնունդ կարող է լինել. Փաստաբան
2-3 տարի է, ինձ անձամբ թվում է, որ խոսել ապօրինի կալանավորման մասին, տեղին չէ, երբ որ ապրում ենք ազգային աղետ, երբ մեր հայրենիքը պարզապես վաճառվել է, երբ մեր տղաները պարզապես մսաղաց են ուղարկվել՝ ինչ-որ մեկի ֆինանսական բարեկեցությունը լավացնելու համար, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Արմեն Աշոտյանի կալանավորման մանրամասներին՝ ասաց նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
Փաստաբանի խոսքով, այս ամենի ֆոնին ամեն ինչ, անգամ մարդու անազատությունը, շատ չնչին բան է դառնում.«Բայց պայքարը պետք է շարունակվի և Արմեն Աշոտյանի գործն այդ հանգրվաններից մեկն է։ Միշտ պետք է պատռել սրիկաների դիմակը։
Օրինակ, կոմունիստական իշխանությունը բոլորին երջանկություն էր խոստանում, բայց սպանում էին այն մարդկանց, ովքեր, ըստ իրենց կա՛մ չէին ուզում երջանիկ լինել, կա՛մ էլ խանգարում էին մնացածին երջանիկ լինել։ Իմ համոզմամբ՝ այդ երկրի փլուզումը եղավ նրա համար, որ ճշմարտությունը ջրի երես դուրս եկավ։ Այսինքն՝ միշտ պետք է ասել ճշմարտությունը, դա ամենահզոր զենքն է, որը կարող է տապալել ցանկացած սատանայական և «հակահիգիենիկ» իշխանության, որը հիմա ունենք Հայաստանում։ Արմեն Աշոտյանի գործը պայքարի այդ գործիքներից մեկն է, որը մեզ թույլ կտա, միգուցե, մեզ վերագտնել հայ կոչվելու, ապրելու շանսը»։
Նրա խոսքով՝ Աշոտյանի քրեական գործը իրավաբանական առումով նոնսենս, աբսուրդ է. «Դա խորը հոգեբուժական խնդիրներ ունեցող մարդու մտքի ծնունդ կարող է լինել։ Ինչու՞։ Արմեն Աշոտյանին մղադրում են լիազորությունները չարաշահելու, վատնում կազմակերպելու և փողերի լվացման մեջ։ Պետք չէ լինել իրավաբան հասկանալու համար, որ վատնումը նշանակում է գույքի անվերադարձ կորուստ, օրինական տիրապետողի կողմից գույքը դուրս է գալիս և կորում է։ Այլ տեսակի վատնում չի լինում։ Փողերի լվացման մասով՝ պետք է հանցավոր ծագում ունեցող փող, որը դու այլակերպում ես, լվանում ես և մի օր, մի պահ այդ փողն ունենում ես օրինական տեսքով։
Ինչ է իրականում եղել. բժշկական համալսարանը, որն, ի դեպ, մեր երկրի ամենահարուստ բուհն է, տարեկան 15մլդ դրամի եկամուտ ունի, և արհկոմը գնում են անշարժ գույք։ Այդ ժամանակ Արմեն Աշոտյանը հոգաբարձուների խորհրդի նախագահն է եղել։ Նորմալ է, եթե տեղյակ է եղել դրանից։ Գնում են այդ գույքը և դա մինչ օրս պատկանում է նշված սուբյեկտներին և այն հիմա արժե 2 անգամ ավելի թանկ, քան էն ժամանակ, երբ ձեռք է բերվել։ Հիմա այս ամենում, եթե տեսնում են փողերի լվացում և վատնում՝ սա իրավաբանական դեպք չէ, հավատացեք, սա հոգեբուժական դեպք է։ Ես որպես իրավաբան․․․, իմ պատվից ցածր է, այս ամենը մեկնաբանելը։ Այսինքն՝ ձևական առիթ է պետք»։
Ըստ փաստաբանի, 20 տարի բոլորիս համոզում էին, որ երկիրը թալանում են, սակայն այդպես էլ անհասկանալի է, թե ինչն էին թալանում, քանի որ մինչ այդ էին թալանել.«Աշոտյանը եղել է նախարար, և բոլորն ասում էին՝ տեսեք՝ հեսա ինչեր են բացահայտվելու։ Ոչ մի բան էլ չբացահայտվեց։ Իմ ասած այս գործը քննվել է 4 տարի։ 4 տարի ԱԱԾ-ն, ՀՔԾ-ն, այնուհետև Հակակոռուպցիոն կոմիտեն ոչինչ չգտան և գործը գնում էր կարճման, մեկ էլ հանկարծ պարոն Արգիշտի Քյարամայանը որոշում է գործը վերցնել, և մարդուն մեղադրանք են առաջադրում։
7-8 ամիս է՝ կարդում եմ այդ մեղադրանքը, որ ոչ թե հասկանամ, քանի որ այդտեղ ոչինչ հասկանալու չկա, այլ ինձ՝ որպես իրավաբանի, հետաքրքիր էր, թե այդտեղ ինչպես կարելի է հանցակազմ տեսնել։ Մի ձևական առիթ էր։ Հավատացեք՝ Վանո Սիրադեղյանի օրոք ավելի ազնիվ էին, երբ մարդու գրպանը պլան(թմրանյութ) կամ զենք էին գցում։ Շատ ավելի ազնիվ էին․ ասում էին՝ դե, ուզում ենք, որ դու գնաս, նստես։ Այսինքն՝ Վանո Սիրադեղյանի աշակերտը հեչ բանի պետք չեկավ։ Սա դասական քաղաքական հետապնդում է։ Ակնհայտ է, որ Արմենին ոչ թե նախկին մեղքերի համար են բռնել, այլ ընդամենը շիտակ խոսքի։ Սա նոր տեսակի քաղաքական բանտարկյալ է նիկոլական Հայաստանում»։