19/07/2023 15:15
Աննա Հակոբյան, ծնողի պարելը նկարում ես, տառապելը՝ ո՞չ. անհետ կորածների ծնողները փողոցներ են փակել
Էջմիածնի «Քիմիկների» զորամասի անհետ կորած զինծառայողների ծնողները վաղ առավոտյան Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում, որից հետո շարժվել են Բաղրամյան 26 և փակել փողոցներ։
Նրանք պահանջում են հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ, ով կառավարության շենքում մեկնարկած վերանորոգման պատճառով տևական ժամանակով տեղափոխվել է Բաղրամյան 26։
«Շուրջ 3 տարի է՝ մեր տղաներից լուր չունենք, ԱԱԾ-ն նորմալ չի զբաղվում, բոլոր կառույցները մոռացել են մեր երեխեքին: Ոչինչ չի արվում նրանց գտնելու և Հայաստան բերելու համար: Նիկոլ Փաշինյանից պատասխան ենք ուզում։
Այսպիսի արհամարհանք զինվորի ծնողի հանդեպ չի կարելի: Մեր էրեխեքը գնացել են պատերազմ բոլորի համար, նաև իրենց համար: Իրենք են տարել, թող իրենք էլ պատասխանը տան: Չի մոռցվելու, հանկարծ չմտածեն, որ մի ծնող հետ է քաշվելու: Ամեն օր ծնողներից մեկի մահն ենք լսում: Դա իրենց վերաբերմունքից է: Իր երեխան 3 օր կորի, սաղ Հայաստանը ոտքի կհանի:
Աննա Հակոբյան, երկու խելապակաս ծնող վերցրեցիր, տարար Մարտի 8 արեցիր, ցույց տվեցիր, թե ինչպես են ծնողները ձեռքերը վեր բարձրացրած պարում: Բա ինչո՞ւ չես գալիս տեսնես մյուս ծնողների վիճակը, ինչո՞ւ չես գալիս տեսնում, որ անկողնում ծնողը մի րոպե հետո մեռնելու է, ինչո՞ւ դա չես նկարում: Աննա Հակոբյան, ծնողի պարելը նկարում ես, տառապելը՝ ո՞չ»: