19/07/2023 12:54
Երասխի ողբերգական վթարից մահացածները 2 եղբայրներ էին. այդ օրը նրանցից մեկի բանակի քեֆն էր
Երեւան-Երասխ ճանապարհին հուլիսի 18-ին 5 ավտոմեքենաների մասնակցությամբ տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետեւանքով մահացել են Փոքր Վեդիի բնակիչներ Մասիս Ժուռոյանը եւ Շանթ Ժուռոյանը:
NEWS.am-ին Փոքր Վեդիի նախկին գյուղապետ Նորիկ Մարտիրոսյան պատմել է, որ Մասիսը եւ Շանթը հարազատ եղբայրներ էին:
«Երկու եղբայրներից Մասիսը վերջերս էր զորացրվել բանակից, այդ օրն էլ «Արարատ» ռեստորանում նշում էին նրանց կնունքն ու բանակի քեֆը: Վերադառնալիս եղբայրները «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով են եղել: Երբ վթարի են ենթարկվել, Մասիսը տեղում մահացել է, իսկ մեծ եղբայրը՝ Շանթը՝ հիվանդանոցում: «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեսել է վթարը, կանգնեցրել մեքենան, դուրս եկել, որ օգնի, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան եկել ու հարվածել է վարորդին»,- պատմել է նախկին գյուղապետը:
Նա ասել է, որ եղբայրներն ամուսնացած չէին:
Նշենք, որ խոշոր ավտովթարի հետեւանքով կա 3 զոհ, եւս 14 անձ տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությունում դեպքի առթիվ ՀՀ ՔՕ 342-րդ հոդվածի 2-րդ մասի (ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: